Գործարկվել է նոր հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են իրենց առաջարկները ներկայացնել կառավարությանը

Կառավարության այսօրվա նիստը վարում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում։

Մինչև օրակարգին անդրադառնալը, Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ շարունակական աշխատանքներ են տանում էլեկտրոնային կառավարման նոր գործիքների ներդրման նպատակով։

«2020 թվականի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման և զարգացման ցուցիչի համաձայն՝ Հայաստանը 193 երկրների ցանկից զբաղեցրել է 68-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատ բարելավելով իր դիրքերը 19 կետով։

Ընդ որում՝ էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր ցուցիչով երկրների ցանկում։ Մենք ցանկանում ենք էլեկտրոնային կառավարման ցուցիչներով է՛լ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշների կայացման գործընթացում։ Այս առումով ուզում եմ տեղեկացնել, որ գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հարագրերի էլեկտրոնային միասնական հարթակը»,- ասաց փոխվարչապետը։

Ըստ նրա, հարագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ գրություն է, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման առաջարկություններ։

«Հարագրերի էլեկտրոնային միասնական հարթակը հնարավորություն է տալու էլեկտրոնային եղանակով ներկայացնել անհատական և կոլեկտիվ հարագրեր, աջակցել ներկայացվող առաջարկություններին։ Այս հարթակում տեղի ունեցող իրադարձություներին Կառավարությունը մեծ ուշադրությամբ հետևում է և ականջալուր է լինելու»,- եզրափակեց նա։

Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է 38 հարց։

Տեսանյութեր

Լրահոս