
Կայքի միջոցով օգտակար տեղեկատվություն կհասցնենք հայրենադարձվել ցանկացողներին. Զարեհ Սինանյանը ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքը

Կայքի միջոցով արել և անելու ենք ամեն բան, որ օգտակար, մատչելի և հասանելի տեղեկատվություն հասցնենք ոչ միայն գրասենյակի գործունեության, այլև տեղեկատվություն սփյուռքահայության, ինչպես նաև հայրենադարձվել ցանկացողների համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնելով Սփյուռքի գոծերի գլխավոր հանձնակատարի նորաստեղծ կայքը՝ diaspօra.gov.am-ը՝ հայտարարեց Զարեհ Սինանյանը:
«Փորձել ենք ներգրավել նաև որոշ նորարարական մոտեցումներ, օրինակ՝ մեր կայքը մեր պետական կառավարման համակարգում միակն է, որն ընձեռնում է նամակագրության հնարավորություն: Կարող են հարցերը գրել, և մենք հնարավորինս կարճ ժամկետում օնլայն ռեժիմով կպատասխանենք»,-ասաց նա:
Սինանյանն ընդգծեց, որ կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, իսկ առաջիկայում հնարավոր է՝ այլ լեզուներով ևս հասանելի լինի:
Կայքում առկա է նաև քարտեզ, որում ներկայացված են սփյուռքի բոլոր խոշոր համայնքները՝ ինֆորմացիա մոտ 80 համայնքի մասին: