«Ակտիվ շփում ես երբևէ չեմ ունեցել ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հետ». Արցախի նախագահ

Մենք իրավունք չունենք խառնվելու ՀՀ քաղաքական կյանքին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«ՀՀ-ում այն քաղաքական ուժերը, որոնք համագործակցում են ՀՀ ներկայիս իշխանությունների հետ, նրանց հետ մենք ունենք աշխատանքային հարաբերություններ, բայց ոչ՝ ՀՀ ներքաղաքական կյանքին վերաբերող: Իսկ Արցախում բոլորի հետ ես պատրաստ եմ համագործակցել: Ձեռքս մեկնած է բոլորին, նրանց, որոնք պատրաստ են ծառայել Արցախին, կիսել պատասխանատվություն»,- նշեց նա:

Հարցին, թե ինչպիսի՞ն են հարաբերությունները Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, և, թե վերջին անգամ ե՞րբ է հանդիպել նրանց, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.

«Բակո Սահակյանի հետ 2-3 օր առաջ հեռախոսազրույց եմ ունեցել, շնորհավորել եմ ծննդյան օրվա կապակցությամբ, շատ հաճախակի հանդիպում ենք, որ Արցախում է լինում, հիմա մի քանի օրով բացակայում է: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին․․․ նախ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ ի պաշտոնե մենք շատ կարճ ենք շփվել, ջերմ հարաբերություններ երբևէ չեմ ունեցել, որ ասեմ, Սերժ Սարգսյանի հետ ունեցել եմ պաշտոնական հարաբերություններ: Ակտիվ շփում ես երբևէ չեմ ունեցել ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հետ»:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին, և, թե հայկական կողմը հաղթե՞լ է, թե՞ պարտվել, Արայիկ Հարությունյանը նախ նշեց՝ եղել են մարտական գործողություններ:

«Ի՞նչ է նշանակում՝ հաղթել ենք կամ պարտվել ենք ապրիլյան պատերազմում: Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Կարող ենք ֆիքսել՝ Ադրբեջանին հաջողվել է մի քանի դիրք վերցնել, բայց չի հաջողվել լուծել այն խնդիրը, որը դրված էր Ադրբեջանի զինված ուժերի առջև: Այն, որ դիրքեր գրավել են՝ գրավել են: Այն, որ դիրքերը եղել են ռազմավարական, եղել են, չկան ոչ ռազմավարական դիրքեր: Բայց արդյո՞ք դա կարելի է համարել պարտություն մեր կողմից, կամ հաղթանակ Ադրբեջանի կողմից, կամ հաղթանակ մեր կողմից: Այն, որ Ադրբեջանը տասնյակ տարիներ տասնյակ միլիարդների զենք է ձեռք բերել, և ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե ժամերի, օրերի ընթացքում… մենք գիտենք, որ այդքան հեշտ չէ ունենալ հաջողություն:  Բայց հաղթել ենք, թե չենք հաղթել…

Ես նշում եմ՝ կորցրել ենք դիրքեր, ունեցել ենք կորուստներ, Ադրբեջանն ունեցել է կորուստներ, հաջողվել է գրավել որոշ դիրքեր»,- մանրամասնեց նա:

Տեսանյութեր

Լրահոս