Մեծ սկանդալ… և ի՞նչ
Նոր հետաքրքիր ավանդույթ է ձևավորվում. եթե դեպքերը, ճիշտ թե սուտ, էական չէ, վերաբերում են մինչև 2018-ին, ապա դրանց պետք է արհեստականորեն մեծ հնչեղություն տրվի՝ իրավապահների բացահայտումներ, Հ1-ի և Ազատության ռեպորտաժներ, իմքայլականների քոմենթներ, ֆեյսբուքյան աղմուկ, առանձին դեպքերոմ վարչապետ Փաշինյանի հուզական պոռթկում՝ ես ցնցված եմ, ես էմոցիոնալ պահեր եմ ապրել, 100 տոկոսանոց ապացուցված գործ է… Մի խոսքով՝ աղմուկի պատկերն ամբողջական է դառնում։
Բայց երբ խոսքը վերաբերում է 2018-ից հետոյի իրադարձություններին՝ նոր հարսի համեստություն են խաղում։ Անաղմուկ, առանց մեկնաբանությունների, հնարավորինս զուսպ՝ պաշտոնական լրատվամիջոցների եթերները «խափանվում» են։
Օրերս մամուլում շրջանառվեց, իսկ այնուհետև ՊՎԾ-ի կողմից հաստատվեց տեղակատվություն՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլտրված հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների մասին։ Խոսքը գնում է վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող ՊՈԱԿ-ի կողմից կատարված ֆինանսական չարաշահումների մասին։ Խոսքը շատ լուրջ պատմության մասին է։ Մեծ սկանդալի … և ինչ։ Ամեն ինչ արվում է աղմուկը մեղմելու համար. Եթերում չես տեսնի ՀՔԾ պետին, դատախազին, հայտնի լրագրողներին, իրավապահների հայտնի ձայնով ռեպորտաժները չկան, իմքայլականները լռում են /անհասկանալի լռում են նաև ընդդիմադիրները/։
Դեռևս 2019թ. մի շարք աղբյուրներ հայտնում էին, որ Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող ՀՀ վարչապետին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու, կահավորելու համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 2 միլիոն դոլար: Թափանցիկ աշխատող կառավարությունից այդպես էլ չհնչեցին կոնկրետ թվեր ծախսերի մասին՝ պատճառաբանությամբ, թե այն պարունակում է գաղտնիություն: Միակ մեկնաբանությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանինն էր, ով նշել էր Կոնդի առանձնատները պետության գույքն է, և որոշումները գաղտնի ընթացակարգով են եղել, քանի որ դա բխում է օրենքից, և թվերը չեն կարող հրապարակվել:
Այսօր արդեն պարզվում է, որ տեղի է ունեցել իրավախախտում, սակայն ՊՎԾ և իրավապահների կողմից այս հարցի շուրջ տրամադրված տեղեկատվությունը շատ լակոնիկ է, մասնավորապես, որ մշտադիտարկվել են 2019թ. «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները, և որ հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին։ Եվ վերջ։ Այլևս ոչ մի տեղեկատվություն, ոչ մի բացահայտում, ոչ մի հստակեցում։
Հիմա պատկերացրեք, եթե խոսք գնար 2018թ. առաջ կատարված խախտումների մասին։ Օրեր շարունակ հանրային հեռուստատեսությամբ, լրատվական կայքերով և լայվերով մանրամասն կներկայացվեր խախտումները։ ՀՔԾ պետն անմիջապես կհյուրընկալեր հանրային հեռուստաընկերությանն, այնպես, ինչպես դա արեց 2018թ. օգոստոսի 3-ին, երբ մի ամբողջ օր անոնս արվեց «սենսացիոն բացահայտում մարտի 1-ի գործով» լուրը, իսկ օրվա վերջում եթերում հայտնվեց ՀՔԾ պետը, և պարզվեց, որ խոսքն ընդամենը Վիկիլիքսում գտած մի հրապարակման մասին է։ Կամ ինչպես Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող գործարանում հայտնաբերված ապօրինի պահվող զենքի և ռազմամթերքի հետ կապված, առանց ճշտելու, հայտարարվեց դրանց 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը։ Սոցցանցերում բարձրաստիճան իրավապահների պասով «դատավճիռ» հրապարակվեց, իսկ հետո ինչ եղավ բոլորս հիշում ենք։
Օրինակները կարելի է շատ երկար շարունակել. աղմուկ չեղած տեղից, իսկ սենսացիոն բացահայտումները հետո աստիճանաբար մոռացվում են։ Երբ ձերբակալվեց ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, իբր մարտի 1-ի 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով, վարչապետը ԱԺ-ում հայտարարեց, որ սա վկայում է Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքի մասին, և որ այդ լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր է ապրել։ Հետո Պետրոսյանն աննկատ ազատ արձակվեց ու մենք չիմացանք վարչապետի ռեակցիայի մասին։ Ինչո՞ւ հիմա Փաշինյանը նույն ռեակցիան չի տալիս։ Տունը, որտեղ նա բնակվում է, վերանորոգելիս հսկայական չարաշահումներ են կարծես թե եղել, ընդ որում դրանում կարծես ներգրավված են իր մերձավորները։
Ինչո՞ւ եթերում չեն բարձրաստիճան իրավապահները։
Հիմա, երբ խոսքը վերաբերում է յուրայիններին, բոլորը լուռ են։ Լուռ են իրավապահները, լուռ են հանրային գործիչները։ Իսկ լրատվամիջոցները կարծես աքցանով են ինֆորմացիա «կորզում» իրավապահներից և պետական պաշտոնյաներից։ Ըստ երևույթին ներկաների խախտումները շոուի վերածել չի կարելի։ Մոռանում են թափանցիկության և հաշվետվողականության մասին. օրինակ՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արուսյակ Մանավազյանը խորհուրդ է տալիս հենց կոնկրետ Փաշինյանի առանձնատան վրա չսևեռվել։
Նույն ճակատագրին արժանացավ Փաշինյանի կնքահայր Հայկ Ղալումյանի ազգական Վահագն Ղալումյանի կեղծ բանկային երաշխիքով բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին մասնակցելու իրավախախտումը։ Խոսքը լուրջ իրավախախտման մասին էր, որի մասին չխոսվեց, շատ արագ մոռացության մատնվեց։
Ներկաների խախտումների մասին խոսել ընդունված չէ։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ