«Կոռեկտ չեմ համարում մեկնաբանել այլ երկրի ԱԳ նախարարին, երբ իր հայտարարությունների բովանդակությանը կամ մտադրությանը տեղյակ չեմ»․ Նաղդալյանը՝ Լավրովի հայտարարության մասին

«Հուլիսյան մարտերից առաջ բազմիցս ենք նշել, որ խաղաղ բանակցային սեղանին չկա որևէ փաստաթուղթ, իսկ մարտերից հետո առաջնահերթությունը խաղաղ գործընթացի վերականգնման ուղղությամբ ջանքերի գործադրումն է»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ապրիլյան հայտարարությանը, որ բանակցային սեղանին քննարկվում են Մոսկվայի՝ 2019 թվականի ներկայացրած առաջարկները։

Աննա Նաղդալյանն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տվյալ հայտարարությունից ժամեր անց ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է` նշելով, որ չի կարող լինել ԼՂ հիմնախնդրի լուծման որևէ փուլային տարբերակ, որում ՀՀ առաջնահերթությունները ՝այն է՝ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը, մղվեն երկրորդ պլան։

«Հուլիսյան մարտերից առաջ բազմիցս ենք նշել, որ խաղաղ բանակցային սեղանին չկա որևէ փաստաթուղթ, իսկ մարտերից հետո առաջնահերթությունը խաղաղ գործընթացի վերականգնման ուղղությամբ ջանքերի գործադրումն է։ Մենք հստակ ընդգծել ենք խաղաղ գործընթացում մեր գերակայությունը, Արցախի համապարփակ անվտանգության ապահովումը և Արցախի կարգավիճակը՝ այն է՝ առանց որևէ սահմանափակման ինքնորոշման իրավունքի ճանաչման միջոցով»,- ասաց Նաղդալյանը։

Ճշտող հարցին՝ Ձեզ հայտնի չէ՞, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսում Սերգեյ Լավրովը, Աննա Նաղդալյանն արձագանքեց՝ ասելով, որ ինքը ներկայացնում է ՀՀ դիրքորոշումը, որն արտահայտվել է նաև պարոն Լավրովի հայտարարությունից ժամեր անց։

«Իսկ թե ինչ փաստաթղթեր նկատի ունի պարոն Լավրովը․․․ կոռեկտ չեմ համարում մեկնաբանել այլ երկրի ԱԳ նախարարին, հատկապես, երբ իր հայտարարությունների բովանդակությանը կամ մտադրությանը տեղյակ չեմ»,- ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Տեսանյութեր

Լրահոս