«Աննախադեպ արդյունք ենք գրանցել զորակոչային ռեսուրսի և զորակոչվածների թվաքանակի հարաբերակցության առումով». Գաբրիել Բալայան
Այս տարի ռազմաուսումնական հաստատություններն աննախադեպ քանակի դիմորդներ են ունեցել։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Այսինքն` ռազմական կրթությունն ու սպայի մասնագիտությունը վերականգնում է իր գրավչությունը։ Դա մեր կառավարության ծրագրի առաջնահերթություններից է»,- ասաց նա։
Աննախադեպ շատ է եղել նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ընդունվել ցանկացող դիմորդների թիվը:
«Առաջին անգամ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան կարողացել ենք ընդունել աղջիկ սովորողների, կարողացել ենք հավաքել մոտավորապես մեկ դասակ: Բավական բարձր մրցույթ է եղել»,- նշեց փոխնախարարը:
Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ երեկ ավարտվել է զորակոչը, և վերջին տարիների հետ համեմատած՝ դարձյալ աննախադեպ արդյունք են գրանցել զորակոչային ռեսուրսի և զորակոչվածների թվաքանակի հարաբերակցության առումով:
«Վերջին 5-6 տարիների ընթացքում զորակոչային ռեսուրսի և զորակոչվածների թվաքանակի հարաբերակցությունն այսքան բարձր չի եղել»,- ամփոփեց Պն պաշտոնյան: