Ճապոնիայի ԱԳ նախկին նախարար Կիսիդան մասնակցելու է վարչապետի ընտրություններին
Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան, որն այժմ զբաղեցնում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավարի պաշտոնը, պաշտոնապես հայտարարել է կուսակցության ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը:
«Ցանկանում եմ իմ թեկնածությունն առաջադրել կուսակցության նախագահի ընտրություններում: Ցանկանում եմ իմ ողջ ուժերը ներդնել երկրի համար, ժողովրդի համար»,-ասել է Կիսիդան՝ ելույթ ունենալով իր խմբակցության նիստում:
Ինչպես սպասվում է, սեպտեմբերի 1-ին պաշտոնապես իր թեկնածությունը կառաջադրի նաեւ պաշտպանության նախկին նախարար Սիգերու Իսիբան: Հասարակական կարծիքի տարբեր հարցումների համաձայն, նա, ինչպես նաեւ պաշտպանության նախարարը՝ արտաքին գործերի նախկին նախարար Տարո Կոնոն, առավել մեծ ժողովրդականություն վայելող դեմքերն են հայրենակիցների շրջանում:
Միեւնույն ժամանակ ԼԴԿ-ի երեք ազդեցիկ խմբակցությունները, որոնցից մեկն ամենաբազմանդամն է, հայտարարել են նախարարների կաբինետի ներկայիս գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգիին՝ պաշտոնից հեռացող վարչապետ Սինձո Աբեի աջ ձեռքին, աջակցելու մասին: Ինչպես սպասվում է, նա իր առաջադրման մասին պաշտոնապես կհայտարարի սեպտեմբերի 2-ին:
Վարչապետ Սինձո Աբեն օգոստոսի 28-ին պաշտոնապես հայտարարել է առողջական վիճակի պատճառով պաշտոնից հեռանալու իր ցանկության մասին: Նրան ախտորոշել են խոցային կոլիտ՝ հաստ աղիի լորձաթաղանթի խրոնիկական բորբոքում, որն ուղեկցվում է սաստիկ ցավերով: Այդ հիվանդությունը նրա պաշտոնաթողության պատճառն էր դարձել նաեւ 2007 թվականին՝ առաջին ժամկետով վարչապետ ընտրվելուց մեկ տարի անց:
Սակայն դրանից հետո նրա վիճակը հաջողվել է կայունացնել, եւ 2012 թվականին նա կրկին դարձել է վարչապետ: Այդ պաշտոնում նրա գտնվելու ժամկետը գերազանցել է 2799 օրը, ինչը դարձել է Ճապոնիայի քաղաքական գործիչների շրջանում այդ պաշտոնում անընդմեջ ծառայության ամենաերկար ժամկետը: Ընդ որում՝ Աբեն իր պաշտոնում կմնա մինչեւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր ղեկավարի ընտրությունները, որը կդառնա նաեւ նախարարների կաբինետի նոր ղեկավարը: Ինչպես սպասվում է, ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի կեսերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: