«Այս գործը գտնվում է քաղաքական բարձրագույն իշխանության անմիջական հսկողության ներքո». Արթուր Ղազինյան
«Նոր ականատես եղաք դատարանի կողմից բողոքի քննությունը գրեթե մեկ ամսով հետաձգելու: Պատճառը հետաձգման ՀՔԾ-ի կողմից գործի նյութերն ուշ ուղարկելն էր: Քննիչն ինքը չէր ներկայացել: Ես սա գնահատում եմ՝ որպես անհարգալից վերաբերմունքը դատավարությանը ընդհանրապես, և գնահատում եմ որպես դատավարական տեխնիկական հնարք՝ չտալու հնարավորություն, որպեսզի ըստ էության բողոքը քննվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, պետք է քննվեր Արթուր Ղազինյանի հայցը ՀՔԾ-ի կայացրած որոշումը վերացնելու մասին: Արթուր Ղազինյանը հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ-ին նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու վերաբերյալ, ինչը ՀՔԾ-ն մերժել էր:
Այսօրվա նշանակված առաջին դատական նիստը հետաձգվեց՝ քննիչի ներկա չլինելու և գործը դատական նիստից րոպեներ առաջ դատարան ուղարկելու պատճառով, ինչի հետևանքով էլ դատավորը չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին:
Արթուր Ղազինյանի խոսքով՝ վարույթ իրականացնող մարմինն ի սկզբանե հասկացել է, հանցագործության մասին ներկայացրած իր հաղորդումը եղել է բացարձակ հիմնավոր, ներառվել են անհերքելի և հանրահայտ փաստական տվյալներ, որոնց նույնիսկ 20%-ի առկայության պարագայում, ըստ իրավաբանի, ցանկացած իրավական պետությունում դատախազական և քննչական մարմինները պարտավոր էին հարուցել քրեական գործ:
«Գործը գտնվում է քաղաքական վերահսկողության ներքո, գտնվում է քաղաքական հրահանգավորման տակ և գտնվում է քաղաքական բարձրագույն իշխանության անմիջական հսկողության ներքո»,- վստահություն հայտնեց Արթուր Ղազինյանը:
Խոսելով իր ներկայացրած փաստերի մասին՝ Ա. Ղազինյանը նշեց, թե փաստերը եղել են հասանելի հանրությանը, ամեն ինչ տեղի է ունեցել բոլորի աչքի առջև, «միտումնավոր, նախօրոք պլանավորված, կազմակերպված ձևով խեղաթյուրվել է, աղավաղվել է, մեզանից թաքցվել է մեր, ձեր ծնողների, մեր երեխաների, մեր ընտանիքների կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվություն, ինչի հետևանքով այսօր մենք ունենք 1150 մահացած և մոտավորապես 40.000-ից ավելի վարակակիր»:
Ըստ Ղազինյանի՝ իշխանությունն այս հարցում իր ընդդիմադիրներին հակադարձելիս միայն բերում է այնպիսի երկրների օրինակներ, որոնք բխում են իրենց շահերից, իսկ հաջողված երկրների օրինակների մասին լռում է: Իրավաբանի պնդմամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենակարևորը մարդկանց ճշտված, ստույգ, հաստատված, տվյալ պահին հասանելի ամբողջ տեղեկատվությունը տրամադրելն էր, ինչը, ըստ նրա, չի արվել:
«Իսկ դուք բոլորդ եք հիշում՝ մեր աչքի առաջ ինչպես էին իրենք միտումնավոր, դիրավորյալ, չարամտորեն նվազեցնում այս վիրուսի վտանգավորությունը, ինչպես էին ծաղրում բոլորի ներկայությամբ, բոլորիս աչքի առաջ այս վիրուսը, ինչպես էին նրանք համեմատում դա սովորական վիրուսի հետ, մինչդեռ առողջապահության համաշխարհային կառույցները բոլորը մի ձայնով պնդում էին, որ սա սովորական գրիպ չի»,- հավելեց Արթուր Ղազինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում