Թե ինչո՞ւ նախագահը չհանձնեց պարգևները, և ինչո՞ւ նախագահականի էջում չտեղադրվեցին համապատասխան հրամանագրերը
Օգոստոսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայող պարգևատրվեցին՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայող՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշաններով։ Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվեց Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։
168.am-ը, սակայն, արձանագրեց, որ պարգևատրման հրամանագրերը ցայսօր տեղադրված չեն ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում:
Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանին:
Հարցին, թե ինչո՞ւ պարգևատրման հրամանագրերը տեղադրված չեն՝ Հ. Պետրոսյանը պատասխանեց. «Կայքում չկան դրված, քանի որ Պաշտպանության նախարարությունը դիմել էր մեզ և խնդրել չհրապարակել»:
Քանի որ այս շրջանում եղան տարբեր մեկնաբանություններ, թե վարչապետը, ինքը պարգևատրելով, նախագահի ձեռքից վերցրել է նախագահի առանց այդ էլ սահմանափակ լիազորությունները, Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում նման գնահատականներին, նա ասաց. «Այնտեղ կա հստակ օրենք. օրենքով սահմանված կարգով նախագահն այս պահին արձակուրդում է և օրենքով սահմանված կարգով հանրապետության նախագահի փոխարեն՝ պետական պարգևները կարող են հանձնել նրա կողմից լիազորված անձինք: Տվյալ դեպքում, քանի որ ՀՀ նախագահը գտնվում է արձակուրդում, լիազորել է վարչապետ Փաշինյանին հանձնելու պետական պարգևները»:
Մեր դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ այդչափ կարևոր իրադարձություն էր, հնարավոր չէ՞ր՝ նախագահը մեկ օր ուշ գնար արձակուրդ, նա արձագանքեց. «Նախագահը դրանից մի քանի օր առաջ էր գնացել արդեն»:
Նկատենք, որ ՀՀ նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 27-ից կմեկնի արձակուրդ, որի մի մասը կանցկացնի Հայաստանում, մյուսը՝ արտերկրում»: Հիշեցնենք՝ պարգևների հանձնման արարողությունը Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել օգոստոսի 28-ին:
Իսկ թե ինչ հիմնավորմամբ է Պաշտպանության նախարարությունը դիմել նախագահի գրասենյակին՝ հրամանագրերը չտեղադրելու համար, ճշտեցինք ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանից, որը մեզ փոխանցեց հանրապետության նախագահին ներկայացրած ՀՀ ՊՆ հիմնավորումը. ««ՀՀ պետական պարգևներով պարգևատրված ՀՀ ԶՈՒ զինծառայողները շարունակում են կատարել մարտական խնդիրներ՝ խնդրում ենք պարգևատրված զինծառայողների վերաբերյալ տեղեկատվությունները չհրապարակայնացնել և չտեղադրել հանրապետության նախագահի պաշտոնական կայքում»:
Ի դեպ, Շ. Ստեփանյանը հավելեց, որ տոնական առիթներով, եթե հնարավորություն ստեղծվի, կկազմակերպեն հանդիպումներ լրատվամիջոցների և պարգևատրվածների հետ. ելնելով ծառայության բնույթից՝ դա այժմ հնարավոր չէ: