«Մեր դիրքորոշումներում որևէ բան չի փոխվել». Արման Աբովյանը՝ իշխանությունների հրաժարականի պահանջի մասին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ  Ծառուկյանը  խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր մի շարք ներքաղաքական խնդիրների՝ հայտարարելով, որ առաջիկայում մեծ հանրահավաք է կազմակերպելու։

Նրա խոսքով՝ իր հանձնարարությամբ ամռան ամիսներին կուսակցության ներկայացուցիչները շրջել են մարզի համայնքներում, գույքագրել ժողովրդին հուզող խնդիրները:

«Հանձնարարել էի, որ հանդիպեք ժողովրդի հետ, լսեք նրանց խնդիրներն ու պրոբլեմները, և այսօր ես պատրաստ եմ այդ հարցերին պատասխանելու: Սեպտեմբերին առաջին նիստն է լինելու խորհրդարանի, այդ խնդիրները բարձրաձայնելու ենք, ներկայացնելու ենք դրանց լուծումները: Այսօր խնդիր չկա, որ լուծում չունենա, միայն հարկավոր է լիարժեք տիրապետել այդ խնդրին և լուծումներ տալ՝ ըստ մեր պետության հնարավորության սահմանում: Ես ինչ-որ ամպագոռգոռ բաներ չեմ ասում, բոլորդ գիտեք, որ տիրապետում եմ, գիտեմ ոչ թե ամպագոռգոռ ճոխ բառեր, այլ իրականությունը, որ ճիշտ նպատակային ծառայի, օգտակար լինի, որ հանրությունն ըստ ոլորտների՝ դրանք զգան իրենց կյանքում»,- ասել էր Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով ուսանողների բարձրացրած հարցին, որ պարտադրում են մինչև սեպտեմբերի 15-ն ուսման վարձավճարները վճարել, Ծառուկյանն ասել էր, որ վարձավճարների գոնե մի մասը պետք է պետությունը սուբսիդավորի:

«Մեր ապագան մեր երիտասարդությունն է, ուսանողը 2-րդ, 3-րդ կուրսում է, իսկ այսօր արտակարգ իրավիճակ է, մարդիկ լիարժեք չեն աշխատում՝ տանը նստած են: Պետությունը պետք է քայլ կատարի և գոնե 50 տոկոսը սուբսիդավորի, մարդիկ 6 ամիս չեն աշխատել: Դասախոսներն իրենց դասավանդումները իրարժեք կատարել են և պետք է իրենց գումարները ստանան: 300 միլիարդ, որը նախատեսված է բյուջեում, մինչև այսօր 12 միլիարդն է ծախսվել կապիտալ շինարարության համար: Հա, թող այս տարի կապիտալ շինարարության համար չծախսվի, բայց այդ գումարները լիարժեք իր ժողովրդին՝ ծառայողին, ուսանողին, թոշակառուին, մշակույթին պետք է տրամադրվի, մինչև այս վիճակից կարողանանք դուրս գալ: Այդ հարցը նույնպես կբարձրացնենք, որ դա անարդարացի է: Այսօր տնտեսությունը հիմնականում զարգանում է գիտության հիման վրա, էժան աշխատուժի վրա չի կայանում, պետք է մեր ուսանողներին տեր կանգնենք, որ չհիասթափվեն, չկոտրվեն, մնան իրենց երկրում և իրենց հնարավորությունն օգտագործեն ի օգուտ երկրի, ժողովրդի»,- ասել էր ԲՀԿ առաջնորդը:

168.amԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախատեսված հանրահավաքին այլ ուժեր միանալու ցանկություն հայտնել են, և արդյո՞ք ԲՀԿ-ն շարունակելու է պահանջել իշխանության, այդ թվում՝ վարչապետի հրաժարականը։

«Կարող եմ միայն վերահաստատել, որ՝ այո՛, բոլոր քաղաքական գործընթացները և գործիքակազմը կօգտագործվի, այդ թվում՝ հանրահավաքը։ Առայժմ մեկնաբանությունները, կարծում եմ՝ տեղին չեն լինի։ Ինչ վերաբերում է իշխանության հրաժարականի մեր պահանջին, միայն կասեմ, որ մեր դիրքորոշումներում որևէ բան չի փոխվել, և այն, ինչ ասվել է՝ իրականացվելու է»,- նշեց Արման Աբովյանը և ընդգծեց, որ թեմայի հետ կապված ավելացնելու բան այս պահին չունի։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր կուսակիցների հետ, որի ժամանակ հայտարարել էր, որ իշխանություններն իրենց տված խոստումներից որևէ մեկը չեն կատարել, հետևաբար՝ իշխանությունները 100 տոկոսով պետք է փոխվեն։

Տեսանյութեր

Լրահոս