Բաժիններ՝

Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 հրթիռը՝ Երկրի զոնդավորման արբանյակով

Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 կրող հրթիռը՝ Երկրի զոնդավորման SAOCOM արգենտինական արբանյակով։ Արձակման ուղիղ հեռարձակումն իրականացնում է SpaceX ընկերությունը։

Կրող հրթիռի արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի արեւելյան ափի ժամանակով 19:18-ին (Երեւանի ժամանակով 3:18-ին)՝ Կանավերալի հրվանդանի տիեզերակայանից: Ինչպես մեկնարկից առաջ հաղորդել է ընկերությունը, արձակման ժամանակ օգտագործվում է Falcon 9-ի բազմակի օգտագործման առաջին աստիճանը, նրա համար սա չորրորդ թռիչքն է: Ավանդաբար իր արձակումների համար SpaceX-ը պլանավորում է կրկին պահպանել կրող հրթիռի առաջին աստիճանը:

SAOCOM 1B արբանյակն ստեղծվել է CONAE արգենտինական տիեզերական գործակալության կողմից: Այն երկրորդը կդառնա SAOCOM արբանյակների համաստեղությունում, որոնք նախատեսված են Երկրի վրա եղանակային պայմաններին հետեւելու համար, այդ թվում՝ հողի խոնավության չափումը եւ տեղեկատվության հավաքումը Արգենտինայի գյուղատնտեսության եւ անտառային սեկտորի համար:

SAOCOM 1A առաջին արբանյակն արձակվել է 2018 թվականին: SAOCOM սարքը կշռում է շուրջ 3 տոննա: Այն դուրս կբերվի ուղեծիր՝ Երկրի նկատմամբ շուրջ 620 կիլոմետր բարձրությամբ եւ, ինչպես սպասում են ստեղծողները, կկրկնապատկի իր նախորդի հնարավորությունները: Բացի հիմնական առաքելությունից, Flacon 9-ը նաեւ ուղեծիր դուրս կբերի երկու փոքր՝ GNOMES 1 եւ Tyvak 0172 առեւտրային արբանյակները: SpaceX-ը հաղորդել է, որ այդ սարքերն ուղեծիր դուրս կբերվեն SAOCOM-ից հետո:

GNOMES 1 միկրոարբանյակը պլանավորված 20 սարքերից առաջինն է, որը PlanetiQ ամերիկյան ընկերության կողմից մշակվել է GPS, ГЛОНАСС, Galileo եւ Beidou նավիգացիոն արբանյակների ազդակներին մթնոլորտի ազդեցության անալիզի համար:

Tyvak 0172 արբանյակն ստեղծվել է Tyvak Nano-Satellite Systems ընկերության կողմից, բայց դրա նշանակության մանրամասները հայտնի չեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս