
Լա լիգան հայտնել է, որ Մեսսիի տրանսֆերը չի կարող իրականանալ

Լա Լիգան հայտարարություն է տարածել՝ բացատրելով իրավիճակը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի հետ կապված:
«Պայմանագիրը ներկայումս ուժի մեջ է, դա նշանակում է փոխհատուցում այն դեպքում, եթե Լիոնել Մեսսին որոշի շուտափույթ և միակողմանի խզել պայմանագիրը»,- ասվում է Լա Լիգայի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագիրը նախատեսում է փոխհատուցում 700 միլիոն եվրոյի չափով:
Հաղորդվում է, որ արգենտինացին հավատում էր, որ բյուրոֆաքսի միջոցով ակումբ ուղարկած ծանուցագիրը հեռանալու մասին ինքնաբերաբար կդադարեցնի իր պայմանագիրը «Բարսայի» հետ: Մեսսին չներկայացավ ակումբի բազա, որտեղ խաղացողները կորոնավիրուսի թեստ էին անցնում:
Լա Լիգան հայտարարության մեջ շեշտը դնում է միակողմանի պայմանագրի խզման վրա, այսինքն՝ հնարավոր է, որ կողմերի համաձայնությամբ Մեսսին կարող է հեռանալ ակումբից: Բայց «Բարսան» կտրականապես դեմ է նրա հեռանալուն: Ստացվում է, որ այս պահին Մեսսիի տրանսֆերը հնարավոր չէ իրականացնել, եթե ինչ-որ ակումբ 700 միլիոն եվրո չվճարի նրա համար։
Մեսսիի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ:
Սիրարփի Աղաբաբյան