
Նեյմարը նշել է, թե որ ակումբում կշարունակի կարիերան

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նշել է, որ կշարունակի խաղալ ֆրանսիական ակումբում: «Ես մնում եմ ՊՍԺ-ում: Ցանկություն ունեմ վերադառնալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ այն հաղթելու համար: Ես ուզում եմ մտնել ակումբի պատմության մեջ, այս միտքն ինձ մոտիվացնում է: Ես սիրում եմ գավաթներ նվաճել, հատկապես ծանր հանդիպումներից հետո:
Ես ուզում եմ ամեն ինչ անել ակումբի պատմության մեջ մտնելու համար: Իմ միակ միտքը, ամենակարևորը, իմ թիմակիցների հետ միասին Չեմպիոնների լիգայում հաղթելն է: Ես չեմ մտածում անձնական պարգևների մասին, այլ միայն հավաքական նպատակների:
Առաջին իսկ օրվանից ես իմ ամբողջ ուժը նվիրեցի ՊՍԺ-ին։ Միշտ փորձել եմ խաղադաշտում ցույց տալ իմ առավելագույնը՝ հանուն թիմակիցների:
Անցյալ ամառը ծանր էր, ես մի փոքր հիասթափված էի: Ես գիտեի, թե ինչի պետք է բախվեի խաղադաշտ վերադառնալուց հետո, բայց փորձեցի համակերպվել՝ ցույց տալով ավելին, քան պարզապես առավելագույնը: Եվ հետո ամեն ինչ սկսեց շարժվել ճիշտ ուղղությամբ:
Հուսով եմ՝ ՊՍԺ-ն կշարունակի աճել: Մենք ուզում ենք վերցնել այն գավաթները, որոնք դեռ չենք ունեցել: Եվ դա հնարավորություն կտա մտնել ֆուտբոլի պատմության մեջ»,- ասել է Նեյմարն ակումբային ամսագրին տված հարցազրույցում:
Հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին պատմել է Նեյմարին «Ման Սիթիի» առաջիկա տրանսֆերի մասին և իր հետ հրավիրել բրազիլացուն:
Սիրարփի Աղաբաբյան