ԶԼՄ-ները հաղորդել են Աֆղանստանում թալիբների կողմից ԱՄՆ-ի բազաների վրա հնարավոր գրոհի մասին
«Թալիբան» արմատական շարժման զինյալները, ենթադրվում է, գնդակոծել են ԱՄՆ-ի ռազմաբազաները, արկերի արձակումները կարող են նշանակել ամերիկյան կողմի եւ թալիբների միջեւ համաձայնագրի պայմանների բացահայտ խախտում:
Այդ մասին հաղորդել է New York Times թերթը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ:
Հրատարակությունը նշում է, որ հուլիսի վերջին ավելի քան 10 հրթիռներ են ընկել Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդի նահանգի Քեմփ-Բաստիոն ավիաբազայի շրջանում: Այդ բազան համատեղ օգտագործում են ամերիկացի ու աֆղանցի զինվորականները: Մոտավորապես օգոստոսի վերջին նաեւ մի քանի արկ է արձակվել Քեմփ-Դուայեր ամերիկյան խոշոր ավիաբազայի ուղղությամբ, որը տեղակայված է այդ նույն նահանգում:
Թալիբների հրամանատարը, որը ծանոթ է այդ տարածաշրջանին, հայտարարել է, որ շարժումը ոչ մի հարված չի կատարել բազաների ուղղությամբ: Նա ընդգծել է, որ անցկացվելու է տեղի ունեցածի հետաքննություն:
ԱՄՆ-ի զինվորականներից մեկի խոսքով՝ հրթիռահարվածները կարող էր հասցնել թալիբների խմբակցություններից մեկը, որը հանդես է գալիս համաձայնագրի դեմ: Այդ գնդակոծությունների հետեւանքով ոչ ոք չի տուժել: Հրատարակության աղբյուրները նշում են, որ, բացի ենթադրվող գնդակոծությունից, թալիբները շարունակում են հարձակվել Աֆղանստանի զինվորականների վրա, իսկ Միացյալ Նահանգները մի քանի տասնյակ ավիահարվածներ են հասցրել, որպեսզի օգնեն աֆղանցի զինվորականներին:
Թերթը գրում է նաեւ, որ թալիբները հրաժարվում են դատապարտել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը եւ բոլոր կապերը խզել այդ խմբավորման հետ, ինչը նախատեսված է համաձայնագրով:
Պենտագոնի տվյալներով՝ թալիբների շրջանում կան «Ալ Քաիդա»-ի ահաբեկիչներ:
Փետրվարի վերջին Քատարում անցկացված արարողությանը ԱՄՆ-ը եւ թալիբները ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը, որը նախատեսում է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակության գործարքից հետո: Մինչեւ հուլիսի կեսերը ամերիկացի զինվորականներն Աֆղանստանում հինգ բազա են լքել այդ համաձայնագրի շրջանակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: