
Մակրոնը հայտնել է Թուրքիայի նկատմամբ «կարմիր գծերի» քաղաքականություն սկսելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի վարած քաղաքականության պատճառով հայտարարել է, որ Անկարայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» է վարելու: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Թուրքիայի` վերջին տարիների ռազմավարությունը չեմ դիտարկում որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմավարություն»,- ասել է նա:
Նրա խոսքով` Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունները կրում են սադրիչ բնույթ և ոտնահարում են Հունաստանի և Կիպրոսի հանրապետության ինքնիշխանության իրավունքները:
Մակրոնն, անդրադառնալով վերջերս Արևելյան Միջերկրականում Հունաստանի, Կիպրոսի Հանրապետության, Իտալիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ իրականացված զորավարժանքներին, հայտնել է, որ պաշտոնական Փարիզը կոշտ, սակայն չափավոր դիրքորոշում է որդեգրել:
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Միջերկրական ծովում Թուրքիայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» սկսելու մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարություններին:
«Նրանք, որոնք կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը: Տարածաշրջանում կարմիր գծեր սահմանելը կարող է բխել միայն Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի միջազգային իրավունքներից: Նրանց համար, ովքեր իրենց տեսնում են խոշորացնող հայելու մեջ, ժամանակն է նայել ճշմարտության աչքերին: Քարտեզի վրա գծեր գծելով՝ կայսերական պայմանավորվածությունների իրականացման դարաշրջանն անցյալում է»,- հայտարարել է Աքսոյը: