Ժամանակն է, որ հայկական բիզնեսն զբաղվի eCommerce-ի ամբողջական ավտոմատացված համակարգերի ներդրումով
Հայաստանում եկել է eCommerce-ը (էլեկտրոնային առևտուր) զարգացնելու ժամանակը, քանի որ նոր կորոնավիրուսի համավարակը նպաստեց առցանց պատվերների սպասարկման մշակույթի զարգացմանը, և արդեն պետք զբաղվել eCommerce-ի ամբողջական ավտոմատացված համակարգերի ներդրումով։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց Hexact ընկերության համահիմնադիր և տնօրեն Ստեփան Ասլանյանը։
«Համավարակը շատ բիզնեսների համար առանց մեծ ծախսերի նոր հաճախորդներ ձեռք բերելու լավ առիթ էր, և նրանց պահելու համար պետք է ունենաս աշխատող կայք՝ առցանց վճարումների համակարգով»,- ընդգծեց Ստեփան Ասլանյանը՝ հավելելով, որ, բացի սննդի և սուպերմարկետներից ապրանքների առաքումներից կան շատ ավելի մեծ, օրինակ, էլեկտրոնիկայի, խնամքի միջոցների և սպառողական այլ ապրանքների էլեկտրոնային առևտրի շուկաներ, որոնց դաշտը Հայաստանում լրիվ ազատ է։
Նրա խոսքով՝ այն 100 կայքերի մեջ, որոնք հայաստանցիներն ամենից շատն են այցելում, ընդամենը երեք eCommerce կայք կա, և երեքն էլ հայկական չեն։ Մինչդեռ որոշակի շուկայական նիշ ունեցող պրոդուկտների և ապրանքախմբերի էլեկտրոնային առևտուրը կարելի է Հայաստանում կազմակերպել և գնային մրցակցություն ունենալ՝ խուսափելով փոխադրման ծախսերից, որոնք կատարում են արտերկրից ապրանք պատվիրող հայաստանցիները։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչով կարող է Hexact ընկերությունն օգտակար լինել Հայաստանում eCommerce բիզնեսը զարգացնելու տեսանկյունից, Ստեփան Ասլանյանը նշեց, որ ընկերությունը հիմնականում հայ ծրագրավորողների Հայաստանում մշակած Hexometer և Hexowatch ծառայություններն է մատուցում համանուն կայքերով։ Առաջինը նախատեսված է հիմնակնում կայքերի աշխատունակության շուրջ 3 000 պարամետրերն ստուգելու համար, և կախված նրանից, թե որ փաթեթն է ընտրել հաճախորդ կազմակերպությունը, 1 րոպեն մեկ, 5 րոպեն մեկ, ժամը մեկ Hexometer-ն ստուգում է կազմակերպության կայքը և նրա ընտրած ուղով ուղարկում է տեղեկատվություն առ այն, թե ինչն է վատ աշխատում կայքում։ Բացի այդ, ծառայությունը տեղեկացնում է նաև հաճախորդի կայքը կոտրելու դեպքերի մասին, իսկ մոտ մեկ ամսից կգործարկվի նաև կայքերի ուղղագրության ստուգման (սկզբնական փուլում՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն) բաղադրիչը։ Ընդ որում, ծառայության ամենաէժան փաթեթը 6 ԱՄՆ դոլար է ամսական։
Հաճախորդի ժամանակը մեծապես խնայում է նաև Hexowatch-ը, որի միջոցով հաճախորդը կարող է տեղեկանալ, թե բովանդակության (մասնավորապես, գների) ինչ փոփոխություններ են կատարվում, ինչ ծառայություններ են ավելանում իր նշած, օրինակ, մրցակիցների կայքերում։
Ստեփան Ասլանյանը, պատասխանելով այն հարցին, թե որքանով են իր նշած ծառայություններն օգտագործվում հայկական բիզնեսի կողմից, նշեց, որ Hexometer-ն ունի շուրջ 10 հազար հաճախորդ, որոնցից, միայն 2-ն են Հայաստանից։ «Դա ևս խոսում է այն մասին, որ Հայաստանում բիզնեսը չի կարևորում կայքերի պատշաճ աշխատանքը»,- շեշտեց նա՝ պարզաբանելով, որ Hexometer-ի և Hexowatch-ի կիբեռանվտանգությունն ապահովվում է ներքին և արտաքին վերահսկողության սեփական հատուկ գործիքներով։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն