Բաժիններ՝

Յուրաքանչյուր մարդ ուժեղ է իր ընտանիքով

Ընտանիքն Աստծո ամենամեծ պարգևն է, որ տրված է մարդուն` հոգևոր երջանկություն վայելելու համար: Այն սիրո և հանդուրժողականության վրա հիմնված հոգևոր արժեք է, որն անհրաժեշտ է պահպանել ու զորացնել, քանի որ ընտանիքի հիմքը սերը և փոխադարձ հարգանքն է:

Յուրաքանչյուր մարդ ուժեղ է իր ընտանիքով, քանզի այն հանդիսանում է մեզնից յուրաքանչյուրի ապավենը, հենասյունն ու շարժիչ ուժը, որն, անշուշտ, մենք պարտավոր ենք ամուր պահել ու սիրել:

Կյանքում ամենամեծ երջանկությունը հենց ընտանեկան երջանկությունն է: Մանավանդ, երբ ընտանիքի յուրաքանչյուր անդամ գիտի իր դերը և պարտականությունը, որն իրականցնում է սիրով ու զոհաբերության ոգով:

Սխալ է, երբ զույգերից որևէ մեկը սպասում է, որ իր կողակիցն իրեն երջանիկ պիտի դարձնի: Այս մոտեցումը խախտում է ամուսնական հարաբերությունների հավասարակշռումը։ Սխալ է սպասել, որ ամուսինը կամ կինը կանի ամեն բան, որպեսզի ընտանիքը կայուն ու երջանիկ լինի։ Իրական սերն այն է, երբ ոչ թե սպասում ես, որ դիմացինը քեզ երջանկացնի, այլ ինքդ ես ձգտում երջանկացնել կողակցիդ։

Շատ անգամ կենցաղում տեսնում են  կողակցի թերություններն ու բողոքում՝ ակնկալելով, որ մի օր կփոխվի՝ փոխանակ ընդունելու նրան այնպիսին, ինչպիսին կա։ Բոլոր մարդիկ էլ ունեն թերություններ, որոնք ի հայտ են գալիս հատկապես ամուսնական կյանքում։ Շատ կարևոր է կարողանալ թերություններից առաջ նկատել դիմացինի առաքինությունները։
Ընտանիքում կարևոր են նաև ներելն ու ներողություն խնդրելը։ Գիտակցենք, որ ոչ  ոքանմեղ չէ, նույնիսկ եթե քրիստոնյա ենք։ Իրականում քրիստոնեությունն արտահայտվում է սխալն ընդունելու և ներողություն խնդրելու առաքինությամբ։

Ընտանիքում ծագած յուրաքանչյուր խնդրի և անախորժության հաղթահարումը սերն է, որը մենք տածում ենք մեր ընտանիքի անդամի հանդեպ, քանզի այնտեղ, ուր սեր կա, յուրաքանչյուր փորձություն հեշտ հաղթահարելի է:

Արմեն Չաքմիշյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս