Բաժիններ՝

«Հանձնակատարի փոխարեն, ես ներողություն եմ խնդրում բոլոր այն ազգերից, ում նա նկատի է ունեցել». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՈՉ ԹԵ ԴԻԼԵՏԱՆՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

Լսեցի Զարեհ Սինանյանի մտքի գոհարները։ Խորը մտավարժանքներ անելով հայոց հնագույն պատմության մեջ և որոշելով, որ Արգիշտի թագավորն ու Տիգրան Մեծը, այլ ազգեր են ուծացրել, Զարեհ Սինանյանը որոշել է հետևել հայոց թագավորներին և Հայաստան բերել ասորիներ, արաբների և այլ ազգերի և ․․․նրանց ուծացնել և հայ սարքել։ Եվ սույն այրը պետական ծառայո՞ղ է։ Դուք հասկանու՞մ եք, որ միայն այս խոսքերով արդեն, խորը վիրավորանք և անհանգստություն եք պատճառում, Հայաստանի քաղաքացի եզդիներին, ասորիներին , մոլոկաններին և այլ ազգությունների ներկայացուցիչներին։ Չէ՞ որ նրանք այս խոսքերը կհամարեն, որպես Հայաստանի պետական, այլ ազգերին ձուլմանն ուղղված քաղաքականություն։ Ինքս կողմ եմ տառապյալ ազգերին՝ մերձավոր արևելքի երկրներրի եզդիներին, ասորիներին, այլոց Հայաստանում հյուրընկալելու գաղափարին։ Բայց, այս խոսքերից հետո, դուրս է գալիս, որ մենք նրանց «հրավիրում» ենք «սպիտակ եղեռն» իրականացնելու՝ ձուլելու։ Ա՛յ քեզ հյուրընկալություն։ Չէ՞ որ այդ ազգերն ունեն ազգային արժանապատվություն, հակառակ դեպքում, արդեն ուծացաց կլինեին և չէին հալածվի։

Հանձնակատարի փոխարեն, ես ներողություն եմ խնդրում բոլոր այն ազգերից, ում նա նկատի է ունեցել: Եվ այս խոսքերն ասում է Սփյուռքի հանձնակատարն, այն դեպքում, որ նա պետք է քաջատեղյակ լիներ, թե որքան դժվար է սփյուռքում հայապահպանության հարցը։ Ըստ հանձնակատարի տրամաբանության, բոլոր այն երկրներում, ուր հայություն կա, պետք է տարվի հայության ուծացման պետական քաղաքականություն։

Սակայն, Զարեհ Սինանյանի խոսքերից ամենազավեշտալին, իհարկե, ճապոնացիների ծագումնաբանությունն էր։ Պարզվում է, որ ճապոնացիներն առաջացել են չինացիների և կորեացիների «սինթեզից»։ Ուղղակի « հանճարեղ» է ասված։ Զարեհ Սինանյանին կուզենայի բացատրել, որ տարբեր ազգեր կարող են առաջանալ միմյանցից տրոհվելով։ Իսկ միմյանց խառնվելով նոր ազգ չի առաջանում։ A ազգին գումարած B ազգ, չի դառնում C ազգ։ A ազգին գումարած B ազգ, կամ ձուլվում դառնում է A կամ B ազգ։

Ճապոնացիներից ներողություն խնդրելու, կարծում եմ կարիք չկա։ Եթե նույնիսկ Հայաստանում Ճապոնիայի դեսպանն իմանա Զարեհ Սինանյանի ասածները, ընդամենը քմծիծաղ կտա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս