Տեսչական մարմինը 24 և 48 ժամերով կասեցրել է 9 տրանսպորտային միջոցի գործունեություն
Շաբաթվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքերով պայմանավորված` Տեսչական մարմինը կասեցման առաջարկություններ է ներկայացրել ՀՀ պարետին՝ մայրաքաղաքի թվով հինգ երթուղու 9 տրանսպոտային միջոցի գործունեություն ժամանակավոր կասցնելու համար։ Օգոստոսի 29-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են Արարատի մարզում կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 452, N 454 N 460, ինչպես նաև Երևանի ներքաղաքային N 46 համարի երթուղիները սպասարկող թվով 7 տրանսպորտային միջոցի, իսկ 48 ժամով Երևանի ներքաղաքային N 8 համարի երթուղու 2 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։
Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ի մասնագետները շարունակել է շրջիկ խմբերով ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն և այլ վարչական շրջաններ մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Արդյունքում կանոնավոր և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ։
Հանգստյան օրով վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են և՛ մայրաքաղաքում, և՛ մարզերում: