ՍԴ-ն զրկված է իր որոշումները ի կատար ածելու լծակներից ու մեխանիզմներից. Լևոն Գևորգյան

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, փաստաբան Լևոն Գևորգյանի խոսքով՝ առաջարկվող կառուցակարգային փոփոխություններով հանձնաժողովը փորձում է մի քանի խնդիր լուծել:

Առաջինը, որ նշեց Լևոն Գևորգյանը, Սահմանադրական դատարանի որոշումների արդյունքում՝ իրավունքների վերականգնման ցածր ցուցիչն է:

«Այսինքն՝ ՍԴ-ն, լինելով կտրված ընդհանուր իրավասության համակարգի դատարանների բուրգից, զրկված է այն գործիքակազմից և իրավական լծակներից, մեխանիզմներից, որոնցով նա կկարողանա ի կատար ածել իր իսկ որոշումները և հանգեցնի կոնկրետ գործերով իրավունքների վերականգնման»,- ասաց Լևոն Գևորգյանը «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ՝ միևնույն ժամանակ նշելով, թե սա ֆունդամենտալ խնդիրն է:

2-րդ խնդիրը, որին, ըստ Լ. Գևորգյանի՝ բախվել են, դա ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի  տարբեր մեկնաբանություններն են համանման նորմերի վերաբերյալ։

3-րդ խնդիրը, ըստ Գևորգյանի, իրավական շատ նորմերի ֆորմալիստական առումով կիրառելն է և հաճախ դրանց անդրադառնալը:

«Էական խնդիրը, որ մեր խումբը, կարելի է ասել, իր առջև դրել է, դա՝ նվազեցնել այն մեխանիզմները, որոնք կարող են օգտագործվել ի չարաշահումն մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման»,- հավելեց Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի որոշմամբ բարեփոխումների հայեցակարգում ներառվել է Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միացմամբ Գերագույն դատարան ստեղծելու, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարաններին իրենց վարույթում քննվող գործերով օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն տալու հարցերը: Մասնագիտական հանրությունն այդ հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշում չի հայտնում: Որոշ իրավաբանների խոսքով՝ այս կերպ կազմաքանդվելու ու ձևախեղվելու է մեր իրավական համակարգը:

Տեսանյութեր

Լրահոս