«Մենք ճանապարհ ենք ասֆալտապատում, որտեղ ի բնե, այդ գյուղերի հիմնադրման օրվանից ասֆալտ չի արվել». Վարչապետը՝ անգեղակոթցիներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Անգեղակոթ համայնքում վարչապետը բնակիչների հետ զրույցում նշեց, որ արդեն տեղյակ է, որ գյուղում կա 6 կմ ճանապարհ, որի անբարեկարգ լինելու պատճառով մեքենաները 40 րոպեում են անցնում։
«Մենք նախարարի՝ Սուրեն Պապիկյանի, հետ խոսել ենք, հաջորդ տարի այդ ճանապարհը սարքելու ենք»,- նշեց վարչապետը։
Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ վարչապետի ասածը միանշանակ լինելու է, սակայն բնակիչները բարձրաձայնում են 14 կմ ճանապարհի վերանորոգման խնդիրը։ Արձագանքելով վարչապետն ասաց, որ այդ դեպքում ճանապարհի վերանորոգումը երկու փուլով կիրականացնեն։
Բնակիչներն էլ նշեցին, որ եթե հնարավոր է գոնե այս տարի մի մասը վերանորոգեն, ինչին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ու վարչապետն ասացին՝ այս տարի չեն հասցնի։
«Մեր խնդիրը հետևյալն է՝ հանրապետությունում այդպիսի ճանապարհ չպետք է լինի, որը չի վերանորոգվելու, այլ բան է, թե ինչ ժամանակացույցով և ինչ հերթականությամբ պետք է լինի։ Այս ճանապարհը վերջին անգամ երբ է վերանորոգվել, այսօր մենք ճանապարհ ենք ասֆալտապատում, որտեղ ի բնե, այդ գյուղերի հիմնադրման օրվանից ասֆալտ չի արվել։ Հերթով պետք է բոլորն անենք, այն, ինչ ասում եք ճիշտ է, պետք է խնդրենք ժամանակ տաք»,- նշեց վարչապետը։
Բնակիչները նաև նշեցին, որ եթե Սյունիքի մարզպետը հաճախակի գա գյուղ և հանդիպի իրենց, ապա այդ խնդիրների մասին ավելի լավ կիմանա։
Մարզպետ Հունան Պողոսյանն էլ նշեց, թե հաճախ է գյուղ գալիս, սակայն բնակիչների հետ ոչ հաճախ է հանդիպում։
Բնակիչներից մեկն էլ դիմելով վարչապետին՝ նշեց, որ նրա այցը սահմանամերձ Բարձրվան գյուղ անհրաժեշտություն է, քանի որ ցանկանում է, որ վարչապետն անձամբ տեսնի գյուղի վիճակը։
Նիկոլ Փաշինյանը խոստացավ առաջիկայում անպայման այցելել այդ գյուղ։
Բնակիչները վարչապետին նաև ասացին, որ այս պահին անհրաժեշտ է լուծել երեք հարց՝ ճանապարհների, ջրի և բերքի իրացման։
«Ժողովուրդ ջան, խոստացանք արդեն, որ այս տարվա մեջ կգանք այս ողղությամբ գյուղեր»,- շեշտեց վարչապետը։