Այսօր հարկերի հավաքագրումը մտահոգիչ է. այս խնդրի պատճառով նաև ավելանում է պետական պարտքը. Վահագն Խաչատրյան
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, երբ մարտին Հայաստանում սկսվեց արտակարգ դրությունը, իսկ ամբողջ աշխարհում մոլեգնում էր կորոնավիրուսը, պարզ էր, որ տնտեսության վերաբերյալ գնահատականներն ու մոտեցումները փոխվելու են։
«Մենք կղզյակ ենք՝ շրջափակված, ունենալով երկու փակ սահմաններ կամ երկու բաց սահմաններ, չնայած մեկը շատ պայմանական է դարձել, նկատի ունեմ վրացական սահմանը։ Հիմա, երբ նայում ենք տնտեսական ցուցանիշներին, դրանց մեջ հիմնականում մեզ անհանգստացնողը տուրիզմն է, դրա հետ կապված՝ պետք է մոռանանք այն ակնկալիքները, որն ունեինք։ Այս հանգամանքը պետք է հաշվի առնել որևէ ծրագիր կազմելուց կամ կանխատեսում անելուց։ Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, ապա նույնիսկ տարօրինակ է, որ այն այսպիսի վիճակում պետք է լինի, երբ դրա պատճառների մասին հետաքրքրվում ենք, ըստ էության հիմնական պատճառը ներքին խնդիրներն են, զուտ կազմակերպական հարցեր, շատ դեպքերում՝ շինարարության թույլատվություն, նախագծերի հաստատում և այլն»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետը։
Նա նաև ընդգծեց, Հայաստանում շինարարական ամբողջ հզորությունը ծանրաբեռնված է։ Նաև հույս հայտնեց, որ հոկտեմբերին, երբ կամփոփվի հերթական եռամսյակը կամ շինարարության ոլորտում կլինեն ավելի լավ թվեր, դա կնպաստի մնացած բոլոր բացասական թվերը վերացնելուն։
«Այս հարցում շատ կարևոր է պետության մասնակցության խնդիրը կապիտալ ծախսերի առումով։ Այստեղ սպասելիքները մեծ են և հաստատ դրանք իրականություն կդառնան։ Իրավիճակի վրա դրական ազդեցություն կարող է ունենալ գյուղատնտեսությունը։ Այս ոլորտում եռամսյակային կտրվածքով ենք թվեր ստանում, համոզված եմ, որ հաջորդ երեք ամիսներին գյուղատնտեսության ազդեցությունը դրական կլինի, որովհետև բերքը, մասնավորապես՝ խաղողի, բավականին լավն է։ Այստեղ կառավարության օպերատիվ միջամտությունը մթերման գործընթացներին շատ օգտակար և տեղին է»,- հավելեց Վահագն Խաչատրյանը։
Նրա գնահատմամբ՝ անհանգստացնող է հարկերի հավաքագրումը։ Մինչև այսօր հարցը հրապարակային քննարկման առարկա չի դառնում, բայց վեց ամիսների կտրվածքով արդեն 6 տոկոս հարկերը քիչ են հավաքագրվել, քան նախորդ տարի էր, տվյալ դեպքում, իհարկե, պետական պարտքն է ավելանում։ «Մինչ այսօր հրապարակային քննարկման առիթ չի դարձել, բայց անցած տարվա համեմատ մոտ 6 տոկոսի պակաս կա, այս խնդիրի պատճառով նաև ավելանում է պետական պարտքը, որը պետք է անհանգստացնի հիմնական տնտեսության կարգավորիչներին»:
Նաև հավելեց․ «Հետագայի և այսօրվա համար հարկահավաքման խնդիրն ակտուալ է դառնալու և շարունակվելու է այդպես։ Այս հանգամանքը պետք է անհանգստացնի մեր տնտեսության հիմնական կառավարիչներին։ Սա ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի խնդիրն է դարձել։ Ինքս լսել եմ խոսակցություններ, թե ինչու Կառավարությունն ավելի ռիսկային քաղաքականություն չի վարում, նույնը՝ նաև Կենտրոնական բանկը։ Կարծում եմ՝ այս հարցը ԿԲ-ն ունի իր օրակարգում։ Իրականում, երբ մենք նայում ենք թվերը, դրանք և՛ անհանգստացնող են, և՛ անհանգստացնող չեն, որովհետև կարող էր ավելի վատն էլ լինել, եթե Կառավարությունը չաներ այն ծրագրերը, որոնք իրականացվում է ապրիլ ամսից»։