
Իլոն Մասքի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը

Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքի կարողությունն ընթացիկ տարվա սկզբից ի վեր աճել է ավելի քան 3,5 անգամ եւ առաջին անգամ գերազանցել 100 միլիարդ դոլարը: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Bloomberg Billionaires Index (BBI)-ին:
Օգոստոսի 27-ի դրությամբ Մասքի կարողությունը գնահատվում է 101 միլիարդ դոլար: Ընդ որում՝ տարեսկզբին, BBI-ի համաձայն, այն գտնվում էր 27,4 միլիարդի նշագծին: Այսպիսով, տարվա սկզբից ի վեր միլիարդատիրոջ կարողությունն աճել է 73,6 մլրդ դոլարով՝ 3,7 անգամ:
Դա պայմանավորված է Tesla-ի բաժնետոմսերի գնի աճով: Օգոստոսի 26-ին Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են 6,42 տոկոսով եւ սակարկությունների փակվելու պահին արժեցել 2153,17 դոլար: Իսկ օգոստոսի 20-ին Tesla-ի բաժնետոմսերի գնանշումները պատմության մեջ առաջին անգամ բարձրացել են 2 հազար դոլարից: Հունվարին ընկերության բաժնետոմսերի արժեքը կազմել է 430,26 դոլար:
Այսպիսով, տարվա սկզբից Tesla-ի կապիտալացումն աճել է 4,7 անգամ: Դրա հետ մեկտեղ Մասքն առաջվա պես մնում BBI-ի վարկանիշի չորրորդ տեղում:
Առաջին դիրքում մնում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 202 մլրդ դոլար կարողությամբ, երկրորդում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է, որի կապիտալը գնահատվում է 124 մլրդ դոլար: Երրորդ հորիզոնականն զբաղեցնում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 115 մլրդ դոլար կարողությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: