«Եկեղեցու պատմություն առարկան այս ուսումնական տարում պահպանվում է». ԿԳՄՍ փոխնախարար

«Հստակ է, որ առարկայացանկի փոփոխությունից մենք խոսելու ենք 2022-23 ուսումնական տարվա համար». ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայ եկեղեցու պատմություն առարկան այս տարվա առարկայացանկում ընդգրկվելո՞ւ է, թե՞ ոչ:

«Եկեղեցու պատմություն առարկան այս ուսումնական տարում պահպանվում է: Հանրակրթության պետական չափորոշչի նախագծով  հստակ ամրագրված էր, որ չափորոշիչը նախատեսվում է ներդնել 2022-23 ուսումնական տարուց»,- ասաց Անդրեասյանը:

Լրագրողի մյուս հարցին, թե ե՞րբ է համադրվելու Հայ եկեղեցու պատմություն առարկան Հայոց պատմություն առարկայի հետ, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ  ճիշտ չի համարում այդ գործընթացն այդպես անվանել:

«Մենք ընդամենը խոսել ենք այն մասին, որ Եկեղեցու պատմությունը Հայոց ընդհանուր պատմության  մի մասն է և պետք է արտացոլված լինի Հայոց պատմության շրջանակներում: Սա չի նշանակում երկու առարկաների համադրում, սա ընդամենը նշանակում է Հայոց պատմության ամբողջական ներկայացում, ինչը որ արվել է Հայոց պատմություն առարկայի չափորոշչի վերանայման ընթացքում»,- ասաց Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչներին, ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, որ կվերապատրաստվեն և կկարողանան իրենց տեղը գտնել նոր չափորոշչի շրջանակներում իրականացվող ուսումնական գործընթացում:

Տեսանյութեր

Լրահոս