Մնացականյանը Դուշեթի ավտովթարի կապակցությամբ զորակցություն է հայտնել Վրաստանի իր գործընկերոջը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Մնացականյանը զորակցություն է հայտնել նախարար Զալկալիանիին Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ` ցավակցելով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին:
Արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կարևորելով բազմոլորտ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը:
Նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված քայլերը և այս ուղղությամբ փոխգործակցությունը: