Մեսսիի համար առաջարկներ արել են «Ինտերը» և ՊՍԺ-ն
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի ապագան մնում է անորոշ:
Ինչպես գրում է Mundo Deportivo-ի լրագրող Ֆրանչեսկ Ագիլարը, այժմ միայն երկու ակումբի է հետաքրքրում արգենտինացու տրանսֆերը`ՊՍԺ-ին և «Ինտերին»: Նրանց ներկայացուցիչները կապվել են Մեսսիի հոր հետ՝ պարզելու համար, թե ինչպես է զարգանում ֆուտբոլիստի շուրջ իրավիճակը: Նրանք արդեն արել են իրենց առաջարկները ֆուտբոլիստի հորը։
Ֆրանսիական ակումբն արդեն ուսումնասիրել է Մեսսիին ստորագրելու հնարավորությունները և գիտի, թե ինչպես կազմակերպել անցումն առանց պատժամիջոցների ՈՒԵՖԱ-ից: Արգենտինացին և նրա կինը` Անտոնելան, սիրում են Փարիզը, նրանց ընկերներից շատերն այնտեղ են ապրում:
Նշվում է, որ Մեսսին մի քանի ամիս մտածում է «Բարսելոնայից» հեռանալու մասին: Նա գոհ չէ ակումբի աշխատանքը կազմակերպելու ձևից, նրան դուր չի գալիս «Բարսայի» շուրջ տիրող մթնոլորտը:
Երեկ հաղորդվեց, որ լատինաամերիկացին հանդիպել է «Բարսայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կոեմանին և հայտնել նրան, որ ինքը մտածում է ակումբը լքելու մասին:
Սիրարփի Աղաբաբյան