«Կարող է՝ Ալեն Սիմոնյանը գիշերը վատ էր քնել, առավոտյան վեր էր կացել ու այդպիսի մտքեր հայտնել». Վարուժան Հոկտանյան

«Պարգևավճար ստանում են այն դեպքում, երբ աշխատողը, անկախ նրանից՝ նախարար է, թե ինչ-որ մասնագետ է նախարարությունում կամ այլ ոլորտում, երբ իրենք շատ ավելի մեծ ծավալի, շատ ավելի որակյալ և արդյունավետ աշխատանք են անում, քան սահմանված է այն քանակական և որակական ցուցանիշներով, որոնցով սահմանվում են այդ աշխատողի աշխատանքային պարտականությունները»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների թեմային՝ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

«Ելնելով դրանից, ես, բնականաբար, ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ համար այդ նախարարները, վարչության պետերը, փոխնախարարները պետք է ստանան պարգևավճարներ»,- նկատեց նա:

Պարգևավճարների ոչ բավարար լինելը, անհավասարությունը, ըստ նրա՝ կարող է լուրջ կոռուպցիոն ռիսկ դառնալ, եթե միջին, ստորին օղակներում այդ մոտեցումը չկա:

«Համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ պարգևավճարը համակարգային կոռուպցիա է. դա ավելի շատ այլ երևույթի հետ կարող է կապված լինել: Ես քաղաքական կոռուպցիայի ռիսկ եմ տեսնում, այսինքն՝ դու փորձում ես թիմի կոնսոլիդացված լինելը պահել այդ պարգևավճարներով, որպեսզի ներսում խժդժություններ չլինեն, և թիմը գործի՝ որպես մեկ միասնական մարմին: Միգուցե դա, բայց ոչ դա դիտարկել որպես համակարգային կոռուպցիայի ապացույց»,- նկատեց նա:

Անդրադառնալով Ջորջ Սորոսի և Սորոսի գրասենյակի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած գնահատականներին, Վարուժան Հոկտանյանը հետևյալն ասաց. «Նոր իշխանությունները, երևի, սիրում են… «կորոնավիրուսն ում շունն է», «Սորոսն ում շունն է» արտահայտությունները, երևի իրենց շատ է դուր եկել…  շների տերերին գտնելու: Չգիտեմ՝ ինչու են այդ արտահայտություններն օգտագործում: Ճիշտ կլիներ՝ այստեղ Ալեն Սիմոնյանին հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչու դա ասաց: Կարող է՝ գիշերը վատ էր քնել, վեր էր կացել առավոտյան ու այդպիսի մտքեր էր հայտնել»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ փոխնախագահ, իմքայլական Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին, որտեղ բավականին կոշտ գնահատականներ էր հնչեցրել Սորոսի և Հայաստանում գործող «Սորոսի» հիմնադրամի մասին: Հարցին, թե՝ «դուք ի՞նչ կապ ունեք «Սորոսի» հիմնադրամի հետ, ասում են՝ Սորոսն է կառավարում այսօր մեր երկիրը, սորոսականներն էլ փայ ունեն ձեր իշխանության մեջ», Ալեն Սիմոնյանը պատասխանել էր․ «Ուրեմն Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որը լեգիտիմ է, որևիցե մեկը չի կարող ղեկավարել և իշխել կամ որևիցե բան թելադրել։ Էլ չեմ ասում, որ ուզում է՝ Սորոսը լինի, ուզում է՝ Սորոսի հերը լինի․․․»։

Հարցին էլ, թե՝ «Իսկ Սորոսի վաստակնե՞րը», ԱԺ փոխնախագահն այսպես էր պատասխանել․ «Նաև Սորոսի վաստակները չեն կարող Հայաստանի Հանրապետությունը ղեկավարել։ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, և ձևավորում է իր իշխանությունը ընտրությունների միջոցով։ Իսկ էդ Սորոսի խոսակցությունը, որ բերվել է օրակարգ, դա արհեստական բան է, որի նպատակը մեկն է՝ հնարել կամ վերցնել մի հատ ինչ-որ կիսամեռ բիձուկի անուն և փորձեն դրա շուրջ ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել։ Դա չի ստացվել ու չի ստացվելու, որովհետև հենց էդ մարդիկ հիմնականում դրսից սնուցվող են։ Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ո՞ւմ շունն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։

«Բաց հասարակության հիմնադրամի» նախագահ Լարիսա Մինասյանն օգոստոսի 14-ին նամակ է հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` առաջարկելով Ալեն Սիմոնյանի արտահայտած մտքերը քննարկման դնել Էթիկայի հանձնաժողովում:

«Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում և լսումներ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ս․թ․ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ՝ Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական և բառապաշարային դրսևորումներով, ինչպես նաև արտահայտած բովանդակությամբ։ Կարծում եմ՝ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը և հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը»,- գրել է Լարիսա Մինասյանը:

Վարուժան Հոկտանյանը նկատեց՝ խնդիրն այն չէ, թե ով է որոշումներ ընդունում Հայաստանում. «Բնական է, որ Հայաստանի իշխանությունները, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից, դրա համար դժվար թե տիկին Մինասյանը դիմեր ԱԺ-ին: Խնդիրն այն արտահայտություններն են, որ Ալեն Սիմոնյանը թույլ տվեց: Երբ մարդը փորձում է միտք արտահայտել, նա պետք է փորձի դա կոռեկտ արտահայտել: Այն, ինչ ինքը ասաց, եթե ասեր կոռեկտ ձևով, դժվար թե այս հարցն առաջանար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս