Խաշթառակում ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում դաժանորեն ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Տավուշի մարզում դաժանորեն ծեծված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա կյանքին դեռևս վտանգ է սպառնում: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել փոքրիկի կյանքի համար: Մյուս՝ 4-ամյա երեխայի մոտ այսօր դրական դինամիկա կա, առկա է գանգային արյունազեղում։ Երկուսն էլ շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնել է Դերձյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ ընտանիքի մյուս 5 երեխաները, որոնք նախօրեին նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, գտնվում են կայուն վիճակում, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: