«Ստեփանակերտի երկնքում ԱԹՍ երևացել ու անմիջապես խոցվել է համանախագահների ու 15-20 լրագրողների ներկայությամբ, բայց դա եղել է ապրիլի 8-ին՝ քառօրյայից 3 օր անց». Դավիթ Բաբայանը հաստատում է Սերժ Սարգսյանի խոսքերը

Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով այսօր տրված իր ասուլիսում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե 2016 թվականին Ստեփանակերտի օդն անպաշտպան էր, իսկ այսօր ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ ամբողջ Արցախի օդը, ասաց, որ, եթե Արցախի օդային սահմանը լիներ թափանցիկ, ապա ոչինչ չէր խանգարում ադրբեջանական օդուժին ռմբակոծելու, այդ թվում՝ նաև Ստեփանակերտը:

«Քառօրյայի ընթացքում 9 ԱԹՍ է ոչնչացվել ՊԲ մարտիկների կողմից, ու այնուհետև ապրիլ ամսին` ևս 8-ը։ Ոչ, որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել։ Այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերը առավելագույնը եղել են առաջին գծից 10-11 կմ հեռավորության վրա»,- ասաց Սերժ Սարգսյանը:

168.am-ը Սերժ Սարգսյանի այս պնդման կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախկին խոսնակ, ԱՀ ներկայիս  նախագահի խորհրդական, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանից՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք Ապրիլյան քառօրյայի ընթացքում Ստեփանակերտի օդում ադրբեջանական ԱԹՍ է նկատվել:

«Երբ ապրիլի 2-5-ը եղել է քառօրյա պատերազմը, Արցախի տարբեր հատվածներում՝ Ասկերանում, Մարտակերտի շրջանում, հակառակորդը, պարզ է, որ օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, և բոլոր ուղղություններով եղել են նման դեպքեր: Ստեփանակերտում անօդաչու սարք երևացել է, կա ֆիքսված փաստ, և ես էլ եմ եղել այդ պահին այնտեղ, երբ համանախագահներն այցելել էին Ստեփանակերտ, բայց դա եղել է Ապրիլյան պատերազմի ավարտից 2-3 օր անց՝ ապրիլի 8-ի երեկոյան»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ այդ օրը համանախագահների և ԵԱՀԿ Մինսկի խմբի անձնական ներկայացուցչի հետ Արցախի նախագահը հանդիպում է ունեցել:

«Հանդիպումից հետո, այդ թվում՝ նաև ես, մենք իջնում էինք, ու նախագահականի պատի տակ 15-20 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ արտասահմանից, Մայր Հայաստանից, Արցախից, ճեպազրույց էր տեղի ունենում: Հենց այդ պահին հակառակորդի անօդաչու թռչող սարքը մտնում էր Ստեփանակերտի օդային տարածք և խոցվում մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից: Ու մենք դա մատնանշում ենք և՛ լրագրողներին, և՛ համանախագահներին: Բայց դա եղել է ապրիլի 8-ին՝ քառօրյայից 3 օր անց»,- ասաց ԱՀ նախագահի նախկին խոսնակը:

Մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի այսօր կատարած ֆեյսբուքյան գրառումը, որում նա նշել էր. «Թող ստեփանակերտցիներն իմ փոխարեն պատասխանեն՝ 2016-ին հակառակորդի ԱԹՍ-ներ հասե՞լ են մայրաքաղաք, թե՞ ոչ», Դավիթ Բաբայանն ասաց, որ ճիշտ չէ, որ ինքը մեկնաբանի Վահրամ Պողոսյանին:

«Ես չեմ ուզում ճիշտ ու սխալ հանել: Դա իմ ոճը չէ ոչ միայն՝ որպես քաղաքական գործչի ու Պահպանողական կուսակցության ղեկավարի, այլև մարդու: Ես կարող եմ փաստել, որովհետև համացանցում նաև ինձ են հղում տվել, թե ես ասել եմ՝ խոցվել է անօդաչու թռչող սարք, որ ես միշտ եղել եմ կողմնակից, որպեսզի մենք չշահարկենք ու ճշմարտությունն ասենք փաստերով, իսկ փաստն այն է, որ ԱԹՍ Ստեփանակերտի երկնքում երևացել ու խոցվել է համանախագահների ներկայությամբ, բայց դա եղել է ամսի 8-ին»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Ի դեպ, Արցախ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, ով այդպես վստահաբար խորհուրդ էր տալիս հարցն ուղղել ստեփանակերտցիներին, հեռացրել է իր գրառումը, բայց, ինչպես ասում են, արդեն ուշ էր:

Տեսանյութեր

Լրահոս