
Տիեզերագնացը ՄՏԿ-ից հինգ ՉԹՕ է նկատել Հարավային կիսագնդի երկնքում

Տիեզերագնաց Իվան Վագները, որն այժմ գտնվում է Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ), թայմլափս նկարահանման ժամանակ հինգ չճանաչված թռչող օբյեկտ է հայտնաբերել:
«9 – 12-րդ վայրկյաններին հայտնվում են հինգ օբյեկտներ, որոնք թռչում են զուգահեռ ուղեգծով եւ միմյանցից միեւնույն հեռավորության վրա: Ի՞նչ եք կարծում, դա ի՞նչ կարող է լինել, ասուպնե՞ր, արբանյակնե՞ր թե՞ …»,- օգոստոսի 19-ին գրել է Վագները Twitter-ի իր էջում՝ զետեղելով ստացված տեսագրությունը:
Տիեզերագնացը բեւեռափայլի նկարահում է կատարել Անտարկտիդայի երկնքում՝ Ավստրալիայի երկայնության վրա: «Կադրերն արվել են վայրկյանում մեկ անգամ, իսկ հետո հավաքվել դարձվել վայրկյանում 25 կադր տեսագրություն: Այսինքն՝ օբյեկտների դիտարկման իրական ժամանակը կազմում է 52 վայրկյան»,- ճշտել է նա:
Ապրիլի վերջին Պենտագոնը հրապարակել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի տեսագրությունները, որտեղ, ինչպես նշվել է մամուլի համար հաղորդագրության մեջ, պատկերված են «օդային երեւույթներ», որոնք բնորոշվել են որպես չճանաչված: Խոսքը վերաբերում է այն կադրերին, որոնք ամերիկյան մարտական ինքնաթիռները նկարահանել են 2004 թվականի նոյեմբերին եւ 2015 թվականի հունվարին: Ինչպես ասվել է հաղորդագրության մեջ, տեսահոլովակները Համացանցում հայտնվել են տակավին 2007 եւ 2017 թվականներին, բայց այն ժամանակ պաշտպանության նախարարությունը դրանց հրապարակման իր թույլտվությունը չի տվել, թեեւ տեսագրությունների իսկությունն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հետագայում հավաստել են:
Ընթացիկ տարվա օգոստոսին ԱՄՆ-ի պաշտպանության նախաարությունը որոշում է ընդունել աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ չճանաչված թռչող օբյեկտների հայտնվելու դեպքերի քննության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: