«ԱԺ-ն պարտավոր էր դիմել ՍԴ՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով». «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների ստորագրությամբ դիմումը մուտքագրվել է ՍԴ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է երեկ Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիմնախնդիրները, որոնք ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հավատարիմ լինելով դեռևս հունիսի 22-ին մեր կողմից արված հայտարարությանը, լինելով իրավական պետություն կառուցելու ջատագով և մերժելով ապօրինի եղանակների միջոցով ամեն գնով խնդիրները լուծելու քաղաքականությունը, ինչպես նաև իրավական գործընթացներն անհարկի քաղաքականացնելու փորձերը՝
Ներկայացնում ենք երեկ երեկոյան Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիմնախնդիրները.
Առաջին հիմնախնդիր.
Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը, երբ սահմանադրական փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։
Այս համատեքստում՝
✅ Ազգային ժողովը պարտավոր էր դիմել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով:
✅ Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այն իմաստով, որ սահմանում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի հայեցողական լիազորություն, հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին եվ 169-րդ հոդվածի 2-րդ մասին և հակասահմանադրական է:
✅ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից՝ խախտելով Սահմանադրությունը, երբ, փաստացի փոփոխության ենթարկելով Սահմանադրության իրացված անցումային դրույթ 213-րդ հոդվածը, բովանդակային իմաստով փոփոխության է ենթարկել Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերող 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի մեջ։
✅ Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առկա է վեճ։
Երկրորդ հիմնախնդիր.
Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը։
Տեղեկացնում ենք նաև, որ դիմումը ներկայացվել է համատեղ ստորագրված` «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անհրաժեշտ քանակի պատգամավորների կողմից»: