Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի ասուլիսի անցկացման վայր ընտրվեց «Հարսնաքարը». Պարզաբանում է ՀՀ երրորդ նախագահը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա ասուլիսին պարզաբանեց, թե ինչո՞ւ է ասուլիսի անցկացման վայր ընտրվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը:

«Ես կարծում եմ՝ նոր բան ասած չեմ լինի, եթե հայտարարեմ, որ մեր թիմը, երբ նախապատրաստվում էր ասուլիսին, շատ մանրամասն քննարկել է նաև ասուլիսի անցկացման վայրի հարցը: Մենք շատ լավ գիտակցում էինք, որ որոշ մարդիկ պետք է փորձեն ինչ-որ շահարկումներ անել, մեզ ինչ-որ բաներում քննադատել, մեղադրել, բայց մեր թիմը նախընտրեց ասուլիսի մասնակիցների անվտանգությունը՝ այդ հնչող քննադատություններից: Այո, մեզ համար չափազանց կարևոր հանգամանք է, որպեսզի ապահովվի ձեր և մյուսների անվտանգությունը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Երրորդ նախագահը նկատեց. «Իհարկե, մենք շատ լավ հիշում ենք ողբերգությունը, որ տեղի է ունեցել այս հատվածներում, բայց նաև հիշում ենք, չէ՞, որ այդ ողբերգությունն ունեցավ նաև քաղաքական հետևանքներ: Մենք հիշում ենք, չէ՞, որ տեղի ունեցավ նաև հրապարակային դատավարություն, որ մարդիկ ստացան խիստ պատիժներ: Ես կարծում եմ, որ բոլոր իշխանությունները չեն և բոլոր քաղաքական թիմերի ներկայացուցիչները չեն, որ պատրաստ են այդպես վարվելու: Իսկ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչը՝ Ռուբեն Հայրապետյանը, վայր դրեց իր մանդատը: Տեղի ունեցավ դատավարություն, վերջիվերջո, այո, ողբերգություն տեղի է ունեցել, և այդպիսի ողբերգություններից որևէ հաստատություն, որևէ տեղ ապահովագրված չէ: Փառք տանք Աստծուն, որ այդպիսի դեպքեր քիչ են լինում: Բայց արդյո՞ք համարում եք, որ, եթե մի տեղ ողբերգություն է տեղի ունեցել, ապա այդ տեղի վրա պետք է խաչ քաշել: Ես այդպես չեմ համարում: Այս հաստատությունում արդեն շատ տարիներ տեղի են ունենում հարսանիքներ, ծնունդներ, կնունքներ, ձեր պատկերացմամբ՝ ճիշտ կլիներ այս հաստատությունը փակե՞լ: Ես այդպես չեմ կարծում: Ուզում եմ բոլորս հիշենք՝ յուրաքանչյուր հանցագործություն կանխելու լավագույն ճանապարհը կատարված հանցագործությունը բացահայտելն ու արժանի պատժի արժանացնելն է: Ուրիշ որևէ բան այդքան մեծ ազդեցություն չի ունենում հանցավորության աճի կամ նվազման վրա: Իսկ դա տեղի է ունեցել»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի ասուլիսի վայրի ընտրության հարցը շահարկումների առիթ է դարձել իշխանական տարբեր շրջանակների կողմից․ հիշեցնում են, որ 2012թ․ այդտեղ սպանվել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։

168․am-ին Վահե Ավետյանի կինն այս հարցի վերաբերյալ ասել էր.  «Անկախ նրանից, թե քանի տարի է անցել, ինձ համար բավականին ծանր է այս մասին խոսելը․ պարզապես մի խնդրանք՝ չէի ուզի դեպքը քաղաքականացվի։ Թե՛ ներկա իշխանությունից, թե՛ նախկին իշխանությունից իմ ամուսինը շատ ընկերներ է ունեցել՝ մտերիմ մարդիկ, ում հետ մինչ օրս իմ ընտանիքը կապ է պահպանում։ Ես ուղղակի չեմ ուզի՝ քաղաքականացվի դեպքը։ Երբ այդ ամենը կապում են իմ ամուսնու գործի հետ, հավատացեք՝ մեզ համար այդ նույն ցավը նորից վերապրել է նշանակում․ թե՛ ինձ համար, թե՛ իմ երեխաների համար, թե՛ նրա ծնողների համար՝ բոլորիս համար։ Ուղղակի խնդրում եմ՝ դեպքը ոչ մի կերպ չքաղաքականացնել, դա ոչ նախկիններին ինչ-որ բան կավելացնի, ոչ էլ ներկաներից ինչ-որ բան կպակասեցնի»:

Տեսանյութեր

Լրահոս