«Ադրբեջանից մենք ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք, ամաչելու որևէ արարք չենք արել». Սերժ Սարգսյան

Իսկ ինչի՞ համար մենք պետք է Ադրբեջանից ներողություն խնդրենք: Այն բանի համար, որ մենք, հետևելով օրենքի տառին, փորձում էինք խաղաղ ճանապարհով իրականացնել ինքնորոշման մեր իրավո՞ւնքը: Իսկ նրանք հրոսակախմբեր ուղարկեցին մեզ վրա և փորձում էին զենքով մեզ ճնշե՞լ: Այն բանի համար, որ նրանք իրենց կրակակետերը տեղադրել էին բնակավայրերում և այդպիսով իրենք իրենց ապահով էին զգում՝ հրետակոծելով ողջ խաղաղ բնակչությա՞նը:

Այս մասին այսօր Ապրիլյան պատերազմին նվիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: PARA TV-ի հարցը վերաբերում էր բրիտանական «Hard talk» ծրագրի ժամանակ լրագրողի՝ ՀՀ վարչապետին տված այն հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանից ներողություն խնդրել հայերի՝ այսպես կոչված, ռազմական հանցագործությունների համար, և ո՞րը կլիներ այս հարցի՝ Սերժ Սարգսյանի պատասխանը:

«1992թ. մինչև մայիս ամիս, օր է եղել, Ստեփանակերտի վրա մինչև 350 ռումբ և արկ ու հրթիռ է ընկել: Այդ բանի համա՞ր ներողություն խնդրեինք: Ես և իմ մարտական ընկերները որևէ կոմպլեքս չունեինք ընդհանրապես ներողություն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք: Մենք ամաչելու ոչինչ չունենք: Մենք կամաչեինք, եթե չդիմադրեինք, եթե չպաշտպանեինք մեր օջախները, եթե բոլորս հավաքվեինք Երևանում և սկսեինք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգել: Այ այդ ժամանակ մենք պիտի ներողություն խնդրեինք, բայց ոչ թե Ադրբեջանից, այլ մեր ժողովրդից և, առաջին հերթին՝ այն տղաներից, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանում էին յուրաքանչյուր մետր: Մենք ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք Ադրբեջանից: Իհարկե, ես ցավում եմ նրա համար, որ և հայկական կողմից, և ադրբեջանական կողմից եղան բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, բայց, ցավոք սրտի, պատերազմի առանձնահատկություններից մեկն էլ դա է, որ տուժում է նաև քաղաքացիական բնակչությունը: Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզի ներողություն խնդրենք»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս