«Հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և ամբողջովին վերականգնել նախնական դիրքավորումը»․ պարզաբանում է Սերժ Սարգսյանը
«Հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և ամբողջովին վերականգնել նախնական դիրքավորումը: Կարծում եմ` այո: Բայց հավանականությունը մեծ էր, որ մենք կունենայինք մի քանի տասնյակ նոր զոհեր, նոր որդեկորույս ծնողներ, նոր որբացած երեխաներ, նոր այրիներ»,- նկատեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տեղի ունեցած իր մամուլի ասուլիսի շրջանակներում։
Խոսելով հրադադարի հաստատմանը չհամաձայնելու և անվտանգության գոտին նոր տարածքներով ընդլայնելու միջոցով Ադրբեջանին լրացուցիչ պատժելու մասին, նախագահ Սարգսյանը նշեց.- «Հաջողության տարբերակը չբացառելով` ասեմ, որ դա կլիներ արկածախնդրություն` հղի անկանխատեսելի հետևանքներով` ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի բորբոքում և որպես հետևանք` հազարավոր և միգուցե տասնյակ հազարավոր զոհեր, ավերված քաղաքներ ու գյուղեր»:
Հաշվի առնելով այդ հանգամանքները` Սերժ Սարգսյանը, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, հենվելով ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, Արցախի նախագահի և պաշտպանության բանակի հրամանատարների կարծիքների վրա, որոշում է կայացրել համաձայնել հրադադարի հաստատմանը:
«Ինքներդ էլ հասկանում եք, որ քառօրյա պատերազմը հայ ժողովրդի համար իր արժանապատվության, ազատության և հարատևման համար մղվող հազարամյա պատմության մի փոքր դրվագն է, իսկ այդ պատերազմը, ցավոք սրտի, չի ավարտվել: Հիշենք սա»,- հավելեց Սերժ Սարգսյանը: