Փաշինյանը «քցում» է բոլորին, կամ՝ «արևմտյան» նոր սցենար՝ Հայաստանում

Պոպուլիզմի ու դրա գերակայության շնորհիվ արդի քաղաքական զարգացումների էպիկենտրոնում հիմնական խաղացողներ են դառնում էքսցենտրիկներն ու շոումենները։ Հայաստանյան իրականության մեջ վերջին երկամյա կտրվածքով տեղի ունեցած իրադրություններն ու ընդհանուր զարգացումները մեկ «ռակուրսով» համադրելուց հետո պարզ է դառնում, որ գործող իշխանությունն օրըստօրե սպառում է իրեն:

Երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ըստ էության չկարողացավ որևէ շոշափելի ու նյութական բան անել պետության ու ժողովրդի համար։ Նա շարունակում է անել այն, ինչ անում էր 2018 թվականի ապրիլին՝ պայքարում է, բայց տվյալ պարագայում անհասկանալի է, թե ո՞ւմ դեմ: Ակնհայտ է, որ Փաշինյանն այդպես էլ չդարձավ վարչապետ և մնաց փողոցային ակցիաներ անող գործիչ, մի բան, որ, համաձայնեք, նրա մոտ փայլուն է ստացվում:

Փաստացի տեսնում ենք, որ Փաշինյանն իր ձևավորած օրակարգով՝ թե՛ հասարակության մեջ, թե՛ քաղաքական դաշտում, մենակ է մնացել: Քաղաքական դաշտում նույնիսկ հստակ կոնսենսուս կա առ այն, որ նա ի վիճակի չէ երկիր կառավարել ու պետք է հեռանա այս պատասխանատու պաշտոնից․ ի դեպ, այս անվստահությունը, չնայած բավականին դանդաղ, բայց նշմարվում է նաև ժողովրդի մոտ:

Այսօր Փաշինյանը մնացել է քաղաքականապես միայնակ և չունի հստակ քաղաքական սատարում։ Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի թիմում քաղաքականացված անձանց թիվը գրեթե զրոյական է, ապա պատկերը դառնում է ընդհանրական։ Նա ներկայումս կատարում է սահմաններից դուրս քայլեր՝ ելնելով հենց գործնական անհրաժեշտությունից: Գրեթե ապացուցման կարիք չունի այն պնդումը, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանի ներսում աստիճանաբար հանգեցնում է ավտորիտարիզմի, քանի որ ողջ իշխանությունը բացահայտ կերպով կենտրոնանում է նրա ձեռքում։ Ինչ վերաբերում է Փաշինյանի քաղաքական «միայնությանը»՝ ակնհայտ է, որ վերջին մի քանի օրերին իշխանության սատելիտ որոշ շրջանակներ, այդ թվում՝ հայտնի լրատվականը, առանձնակի քննադատական վերաբերմունք են դրսևորում գործող իշխանության, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Քաղաքական իրադարձություններին հետևող ցանկացած անհատ նկատած կլինի, թե ինչ ջերմեռանդությամբ այս օրերին, երբ դատարանում մեղադրող դատախազը ներկայացրեց «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների վճիռը, և պարզ դարձավ, որ «Ծռերը» «չեն պլստալու», նրանք տոտալ գրոհ սկսեցին Փաշինյանի ուղղությամբ։

Մինչդեռ, ընդամենը մեկ տարի առաջ՝ նախորդ տարի սեպտեմբերին, Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում էր անցկացրել «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի ու Գարեգին Չուգասզյանի հետ և փակ ռեժիմով քննարկել համագործակցային հարցեր։ Սակայն շատ կարճ ժամանակում պարզ դարձավ, որ Փաշինյանը, իրեն բնորոշ ոճով, «քցում» է «Ծռերին»։

Շատերի համար անակնկալ կերպով Փաշինյանի վերջին հարցազրույցին բավականին կոշտ արձագանքեց ՀԱԿ-ը. Լևոն Զուրաբյանը Փաշինյանին քննադատող հրապարակմամբ հանդես եկավ՝ նշելով, թե որքան անբովանդակ ու պրիմիտիվ էր BBC-ին տրված վերջինիս հարցազրույցը։ Հավանաբար սա պայմանավորված է այն փաստով, որ Նիկոլն ինքն առիթը բաց չի թողնում և հստակ «սիգնալներ» է ուղարկում ՀԱԿ-ի ուղղությամբ՝ ամենատարբեր առումներով թիրախավորելով իր երբեմնի կուսակցական ու գաղափարական ընկերներին (նշենք, որ սոցցանցերում նույնպես ՀԱԿ-ի ակտիվը տևական ժամանակ ակնարկներով քննադատում է Փաշինյանին)։

Պարզ է մի բան, որ ՀԱԿ-ն այսօր Փաշինյանին ավելի շատ է ատում, քան նախկիններին, քանի որ հեգնանքով ու մի տեսակ սարկազմով են խոսում Փաշինյանի ու նրա թիմի մասին՝ ակնարկելով նրանց անփորձությունն ու քաղաքական դիլետանտությունը։ Մյուս քննադատող սեգմենտն Արման Բաբաջանյանի կողմից ձևավորած քաղաքական միավորն է ու նրան սպասարկող լրատվականը։ Բոլորս ենք հիշում, թե ինչ էնտուզիազմով էր նշյալ գործիչը քծնում Փաշինյանին, իսկ լրատվականը՝ կուրծք ծեծող հրապարակումներ ներկայացնում՝ նրա քաղաքական քիմքին հաճելի։ Այսօր արդեն նկատվում է, որ բաբաջանյանական «ռասկլադում» ևս հստակ փոփոխություն կա, ավելին, կոնկրետ հանձնարարություն է իջեցված Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։ Փաստացի ունենք մի իրադրություն, երբ ծայրահեղ ռադիկալ և ակնհայտ արևմտյան ուղղվածություն ունեցող, միաժամանակ՝ հայկական քաղաքական կյանքում էական արժեք չներկայացնող ուժերը հակափաշինյանական ակցիա են նախաձեռնել, ինչը վկայում է առաջիկայում ՀՀ-ում նոր՝ արևմտյան օրակարգի ներդրման հավանական սցենարի մասին։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս