Բաժիններ՝

«Իմ աղջկա անունը «Գրանդ Քենդիի» արտադրանքի վրա էլ կա գրված, պետք է ասեն, որ ես դրա սեփականատե՞րն եմ»». Գեղարքունիքի փոխմարզպետը՝ Փաշինյանի հետ բարեկամական կապերի, նոր մեքենայի ու լիմոնադի արտադրամասի մասին

168.am-ի Գեղարքունիքի մարզի աղբյուրների հավաստմամբ՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը պաշտոնի նշանակվելուց հետո ձեռք է բերել սպիտակ Porsche Cayenne մեքենա և հիմնել լիմոնադի արտադրություն՝ իր երեխայի անունով՝ «Սմայլ»:

Քանի որ հայտարարագրում որևէ հիշատակում չկար նշվածի մասին, 168.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել հենց փոխմարզպետից:

«Լիմոնադի ցեխ երբեք չեմ դրել, չեմ ունեցել: Ընկերներս մի պահ ոնց որ դրել էին, մի օր գնացել եմ էդտեղ-եկել եմ, դրանից հետո են շահարկել այդ թեման»,- ասաց Նարեկ Գրիգորյանը՝ ի պատասխան մեր հարցադրումների:

Դիտարկմանը, թե՝ պնդում են, որ ձեր աղջկա անունով է՝ «Սմայլ», նա արձագանքեց. «Դե հիմա՝ իմ աղջկա անունը «Գրանդ Քենդիի» արտադրանքի վրա էլ կա գրված, պետք է ասեն, որ ես դրա սեփականատե՞րն եմ»:

Մարզպետը հերքեց նաև իր և Փաշինյանի քավոր-սանիկական կապերը՝ նկատելով. «Իմ քավորը  բնակվում է Վոլգոգրադում»:

Անդրադառնալով Porsche Cayenne-ի ձեռքբերմանը՝ նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց.

«Ճիշտն ասած, այս պահին դեռ իմը չէ, ընկերոջինս է. վերցրել եմ, բայց ոնց որ պայմանավորվել ենք՝ որոշակի ժամանակվա ընթացքում կվճարեմ այդ գումարը:  Բայց դա ներկայացված թանկարժեք մեքենան չէ, իրենից ընդամենը ներկայացնում է մոտ 6000 ԱՄՆ դոլար:  2004 թվի ավտոմեքենա է»:

Նկատենք, որ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող կայքերում 2004թ. արտադրության  Porsche Cayenne-ի արժեքը $7900-$13.000-ի սահմանում է:

Նարեկ Գրիգորյանը վստահեցրեց, որ, եթե մամուլում իր մասին  հայտնված տեղեկությունն իրականությանը համապատասխանում է, փորձում է պարզաբանում տալ, իսկ եթե իրականությանը չհամապատասխանող լուրերը պարբերական բնույթ կրեն, և ինքը դրանցում միտում տեսնի՝  անպայման դատի կտա:

«Իմ տունը Նորատուսում է, եկեք-տեսեք, ինչ ունեմ՝ թաքցնելու բան չունեմ, դռներս բաց է, ամեն ինչ կարող եք տեսնել»,- հավելեց նա:

Քանի որ հաճախ են մամուլում նշում, որ մինչև պաշտոն ստանալը նա ձկնավաճառությամբ է զբաղվել, փոխմարզպետը ցանկացավ այդ հարցին էլ պարզաբանում տալ.

«Վաճառել եմ, որովհետև այդ ժամանակ ուսում էի ստացել Երևանի Հյուսիսային համալսարանում, եկել էի,  ու ոչ մի գործ չկար՝ ո՞վ էր այն ժամանակ ընդդիմադիրին գործ տալիս»:

Հիշեցնենք՝ 2018թ. հունիսին՝ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը ստանձնել է Նարեկ Գրիգորյանը: Տարբեր աղբյուրների հավաստմամբ՝ Ն. Գրիգորյանը հենց վարչապետ Ն. Փաշինյանի  սանիկն է:

Ի դեպ, մինչ Նարեկ Գրիգորյանի նշանակումը Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր նրա կնոջ հայրը ՝ ՀՅԴ-ական Արտաշես Նիկոյանը:

Նշենք նաև՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը նշել է VAZ մակնիշի մեքենայի մասին, որը ձեռք է բերել դեռևս 2015 թվականին, դրամական միջոցներ բաժնում՝ բանկային հաշվին՝ տարեսկզբին նա ունեցել է 500 հազար դրամ, որը տարեվերջին կազմել է 1մլն 200 հազար դրամ,  կանխիկ գումարը տարվա սկզբին կազմել է 1 մլն 250 հազար դրամ, տարվա վերջում՝ 2 մլն 350 հազար դրամ, Գեղարքունիքի մարզպետարանից՝ որպես աշխատավարձ, ըստ հայտարարագրի, նա ստացել է 13 մլն 45 հազար 603 դրամ:

Կինը՝ Նիկոյան Մարիետան, հայտարարագրում նշել է 2018 թվականի մարտ ամսին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի մեքենայի մասին, նրա կանխիկ դրամական միջոցները թե՛ տարեսկզբին, թե՛ տարեվերջին կազմել են  600 հազար դրամ:

Ի դեպ, փոխմարզպետի կնոջը եկամուտ վճարող կազմակերպությունը ևս Գեղարքունիքի մարզպետարանն է, որտեղից նա ստացել է աշխատավարձ՝  1 մլն 783 հազար 229 դրամ:

Նկատենք՝ փոխմարզպետի կինը դեռ մինչև ամուսնու՝ Նարեկ Գրիգորյանի  փոխմարզպետ նշանակվելն է աշխատել մարզպետարանում, ըստ տեղեկությունների՝ այն ժամանակ, երբ փոխմարզպետ է եղել Մարիետա Նիկոյանի դաշնակցական հայրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս