
Թրամփն ընտրություններում իր գլխավոր մրցակիցը համարել է ոչ թե Բայդենին, այլ ԶԼՄ-ներին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 17-ին հայտարարել է, որ նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին ինքը հիմնական պայքարը մղում է ոչ այնքան դեմոկրատներից իր մրցակից Ջո Բայդենի, որքան ԶԼՄ-ների դեմ:
«Իմ գլխավոր մրցակիցը Բայդենը չէ, այլ անազնիվ մամուլը»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում:
Թրամփը նշել է, որ ամեն օր պետք է հակազդի Բայդենին աջակցող ամերիկյան ԶԼՄ-ներին: «Ամեն օր նրանք ինձ վրա «ռումբեր» են նետում: Դրանք անում են անազնիվ լրագրողները»,-հայտարարել է նախագահը, հավելելով, որ առայժմ լավ է գլուխ հանում:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով՝,«Բայդենը նույնիսկ դուրս չի գալիս իր նկուղից, իսկ նրանք (ԶԼՄ-ները), միեւնույն է, ակտիվորեն գրում են նրա մասին: «Նա նույնիսկ լրագրողների հարցերին չի պատասխանում»,-հավելել է Թրամփը: Նա հիշեցրել է, որ ինքը գրեթե ամեն օր պատասխանում է իր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող լրագրողներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: