
Իրանահայ մաեստրո Լորիս Ճգնավորյանին կշնորհվի «Խաղաղության գրքեր 2020» մրցանակ

«Խաղաղության գրքեր 2020» մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովը այս տարի որոշել է մրցանակը հանձնել իրանահայ հայտնի կոմպոզիտոր, երաժիշտ Լորիս Ճգնավորյանին, հաղորդում է «IRNA»-ն։ Մրցանակը կհանձնվի մաեստրոյին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում սեպտեմբերի 12-ին կայանալիք հանդիսավոր միջոցառման ժամանակ։
«Խաղաղության գրքեր» (The Books for Peace Award) մրցանակը մեքսիկացի լրագրող Խավիեր Վալդեսի հիշատակին նվիրված միջազգային մրցանակ է։ Լրագրողն սպանվել է Մեքսիկայում թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում։ Սկսած 2017 թվականից այս մրցանակն ամեն տարի շնորհվում է խաղաղության տարածման և մարդասիրական ծրագրերում ներգրավված մարդկանց և խմբերի, փոխանցում է լրատվամիջոցը։
Լորիս Ճգնավորյանը իրանահայ աշխարհահռչակ դիրիժոր և կոմպոզիտոր է։ Հեղինակ է դասական երաժշտության ավելի քան 70 կատարումների, 4 օպերայի և 6 սիմֆոնիայի։ Ծնվել է 1937. թ.-ին Իրանի Բորուջերդ քաղաքում։ 1989-1998 և 1999-2000 թվականներին եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը։