
Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի և Լիբիայի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. ղեկավարները քննարկել են Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հիմնական ուշադրությունը հատկացվել է լիբիական ճգնաժամի պրոբլեմատիկային: Վերստին ընդգծվել է հակամարտող կողմերի իրական քայլերի անհրաժեշտությունը՝ կայուն հրադադարի եւ ուղղակի բանակցությունների գործարկման ուղղությամբ՝ Բեռլինի խորհրդաժողովի որոշումներին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2510 բանաձեւին համապատասխան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, քննարկվել է Սիրիայի իրադրությունը՝ «շեշտը դնելով ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերի ակտիվացման վրա»:
Ղեկավարները պայմանավորվել են հետագա համակարգման շուրջ՝ ի շահ ապաէսկալացման գոտում Իդլիբի վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների, ամենից առաջ մարտի 5-ին Մոսկվայում ընդունված 2018 թվականի Սոչիի Հուշագրի լրացուցիչ արձանագրության կատարման: Նաեւ հեռախոսազրույցի ընթացքում նախագահները շոշափել են հրատապ այլ միջազգային հարցեր, մասնավորապես, մերձավորարեւելյան կարգավորումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: