
Ծովասարում 500-600 արտագնա աշխատանքի գնացող կա, աշխատանք չկա. բնակիչները՝ վարչապետին

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքի՝ առաջին անգամ գործող մանկապարտեզ ունենալու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերում՝ համայնք կատարած այցի ժամանակ: Ծովասարում նաև ճանապարհաշինության սուբվենցիոն ծրագիր է նախատեսվում:
«Նախորդ տարի մենք ի՞նչ խնդիր ենք ձևակերպել, որ Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք ա լինեն բարեկարգ, լավ, բարձր: Այսինքն՝ Սևանի շուրջ, դա նաև հենց ասում ենք տարածքային համաչափ զարգացում, բայց նույնիսկ Սևանի շուրջ զարգացումը համաչափ չի: Մի հատ պուճուր հատվածում գերբեռնված, մնացած հատվածներում, ընդհանրապես, չքնաղ տեղեր կան, բայց ճանապարհի պատճառով նորմալ զարգացած չի»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տարածքում աշխատող շինարարների հետ մեկ-երկու րոպե զրուցեց վարչապետը, ինչպես և Լճաշենում, այստեղ էլ հարցրեց, թե որքան գումար են ստանում մանկապարտեզում աշխատող շինարարները, որ մինչև համավարակը Ռուսաստան էին գնում արտագնա աշխատանքի: Երբ շինարարներն ասացին, որ ամսական ստանում են 250 հազար դրամ, հետևեց վարչապետի հաջորդ հարցը, թե Ռուսաստանում որքա՞ն էին ստանում.
«Էէէէ՜, Ռուսաստան ուրիշ ա: Իհարկե շատ ա: Օրինակ, 70-80 հազար ռուբլի ստանում ենք»,- ասաց նրանցից մեկը՝ նշելով, թե դա մոտավորապես կազմում է 500.000 դրամ
Հետո վարչապետը մոտեցավ մանկապարտեզի շենքի մոտ հավաքված բնակիչներին՝ զրուցելու նրանց հետ: Ծովասարից մոտ 650 մետր հեռավորության վրա ապրող ազատամարտիկ Հրաչն ասաց.
«Պարոն Փաշինյան ջան, ես քու ցավը տանեմ, ազատամարտիկ տղա եմ, ուրիշ գյուղից եմ եկել ստեղ, 8 ամիս քե չկարամ տենամ»: Նիկոլ Փաշինյանին իր շքանշանները ցույց տալով՝ նա սկսեց պատմել իր խնդրի մասին, որ տունը գյուղից 650 մետր հեռավորության վրա է գտնվում, ապահովված չէ ջրով ու գազով, որ արդեն 30-րդ նամակն է ուղղել մարզպետարան, բայց խնդիրը չի լուծվել:
«Բա տունը սարքելիս, որ ընդեղ եք սարքում, չե՞ք մտածում»,- ասաց վարչապետը:
«Ուրիշ ելք չկար, գյուղապետն ա կարգադրել»,- պատասխանեց գյուղացին:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ ասաց, թե խնդրին տեղյակ է, ու այդ թաղամասը հաջորդ տարի կգազիֆիկացվի:
Ծովասարում հավաքվածները վարչապետին հարցնում էին նաև, թե երբ պիտի սահմանները բացվեն, համայնքում աշխատանք չկա, 500-600 արտագնա աշխատանքի գնացող կա, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, թե՝ «ուզում ենք նենց անենք, որ ստեղ աշխատեք»: