Կարծում եմ, որ պարոն Ավետիսյանի մոտ ինչ-որ տպավորություն է ստեղծվել, որի պատճառով ինքը նման հայտարարություն է արել. Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի հայտարարության մասին

««Իմ քայլը» խմբակցությունը որոշում՝ քվեարկության հետ կապված, չի կայացրել: Եղել է հանդիպում, որի ընթացքում եղել է հարց ու պատասխան: Ակնկալվում էր նաև, որ Ազգային ժողովում, երբ ինքը կներկայանա, իր հետ նույնպես կլինեն հարցուպատասխաններ: Եթե իրա մոտ տենց տպավորություն է եղել հարց ու պատասխանից, ես որևիցե մեկնաբանություն չեմ կարող տալ: Ուղղակի ցավում եմ, որ նման որոշում է կայացրել: Ես կարծում եմ, որ համացանցում, լրատվամիջոցներով և տարբեր տեղեր հնչող կարծիքների հետ կապված հարցերի պարագայում պարոն Ավետիսյանի մոտ տպավորություն է ինչ-որ ստեղծվել, որի պատճառով ինքը նման հայտարարություն է արել»,- «Ազատության» հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու մասին իր համաձայնությունը հետ կանչելու վերաբերյալ հայտարարությանը:

«Բայց եկեք չմոռանանք և ֆիքսենք, որ ինքը «Իմ քայլը» խմբակցության, կառավարության կողմից ներկայացված թեկնածու է, և կառավարությունը իրեն հետ չի կանչել, «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկություն չի արել և քվեարկության որոշման մասին չի հայտարարել: Ես ցավում եմ, որ, չգիտեմ, համացանցում, կայքերում, տարբեր լրատվամիջոցներում հնչած գնահատականների հետ կապված հարցերի կամ որևիցե մտահոգությունների հետ կապված հարցերի պատճառով կարելի էր նման որոշում կայացնել»,- հավելել է Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Վահրամ Ավետիսյանը հայտնել էր, թե դիմել է ԱԺ նախագահին՝ «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» իր համաձայնությունը հետ կանչելու համար:

Իր որոշման և ԱԺ նախագահին դիմելու  մասին տեղեկությունը թեկնածուն  տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջում, որտեղ մասնավորապես նշված էր.

««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի։

Հետևաբար, նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս