«Հետաքրքիր ա, որ գյուղի ժողովուրդը գյուղատնտեսությամբ զբաղվելը գործ չի համարում: Էդ լավ չի». Նիկոլ Փաշինյան
«Չեմ ուզում երկար մնամ, որովհետև… դե հեռու-հեռու կանգնեք, մի քիչ շփվենք»,- Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի բնակիչների հետ հանդիպումն այսպես սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գյուղացիները մի քանի հուզող հարց ունեին, որոնց մասին տեղեկացրին վարչապետին:
«Խելացի անասնագոմերի վերաբերյալ, պարոն վարչապետ, փորձեցի, որ էդ գոմերից կառուցենք, պարոն Պողոսյանի հետ էլ հանդիպեցինք, ուղղակի էս ճարտարապետական որոշումները, կառավարության որոշումները 300 մետր բնակավայրից հեռու պետք ա լինի էդ գոմը, հիմա մեր մոտ չի ստացվում: 300 մետր բնակավայրից, մոտավորապես սարերը պտի բարձրանանք, կոմունիկացիաները չի հերիքում: Հնարավո՞ր ա էդ 300 մետրը փոխվի»,- խնդրանքով վարչապետին դիմեց Գանձակի բնակիչներից մեկը, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, թե կհետաքրքրվեն այդ հարցով:
Մեկ այլ հարց, որ բարձրացրեց Գանձակի մեկ ուրիշ բնակիչ, վերաբերում էր մարզում լաբորատորիաների կառուցմանը, որը, ըստ նրա, կօգնի, որ բույսերը փրկվեն հնարավոր վարակներից:
«Էս կարտոֆիլի, բուսաբուծության հիվանդությունները անալիզ անեն, դեղորայքով, բանով մեզ պադդերժկա անեն»,- ասաց քաղաքացին:
Համայնքի մյուս բնակիչները վարչապետին դիմեցին հնարավոր աշխատատեղերի ստեղծման հարցով:
«Պետք ա մենք պայմաններ ստեղծենք, որպեսզի մասնավորն էլ աշխատանք ստեղծի: Հետաքրքիր ա, որ մեր ժողովուրդը, գյուղի ժողովուրդը գյուղատնտեսությամբ զբաղվելը գործ չի համարում: Էդ լավ չի, որովհետև գյուղատնտեսությունը ամենակարևոր գործն ա»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան՝ համայնքի բնակիչները նշեցին, թե գյուղատնտեսությունը չի արդարացնում, դրա համար էլ գյուղատնտեսությամբ զբաղվելը որպես աշխատանք չեն դիտարկում:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այժմ գյուղատնտեսությամբ զբաղվելը շահավետ չէ, որովհետև «գյուղատնտեսության ոլորտում մենք լիքը սովորելու բան ունենք»:
«Ապագան գիտե՞ք՝ որն ա: Հիմի, ասենք, 10 հա հողի վրա որ զբաղվում ա, ենթադրենք, 30 մարդ, ապագան էն ա, որ էդ 10 հա հողի վրա զբաղվի 3 մարդ, 5 մարդ, 10 մարդ, էն մյուսները գնան դառնան ինժեներ, դառնան գիտնական, դառնան ուրիշ ոլորտի աշխատող: Պտի մարդու ուժը քիչ օգտագործվի, տեխնիկան ու գիտելիքը շատ օգտագործվի»,- աշխատանքի կարիք ունեցող գյուղացիներին բացատրեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը Գանձակի բնակիչներին հորդորեց նաև իրենց հին անասնագոմերը փոխարինել նոր, խելացի անասնագոմերով, քանի որ, օրինակ, կովի կաթի դեպքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, «ձեռով կթած կաթը ավելի էժան ա, քան ապարատով կթած կաթը», իսկ ձեռքով կթած կաթն այժմ համայնքից, ըստ բնակիչների, գնում են մեկ լիտրը 190 դրամով:
Վարչապետի մոտ 9 րոպեանոց հանդիպումը բնակիչների հետ դադարեցվեց սպասվող անձրևի պատճառով: