Կոտայքի մարզում շահագործման է հանձնվել վտանգավոր վարակներից մահացածների համար հատուկ դիահերձարան
Հայաստանում հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել կորոնավիրուսի կամ միջազգային չափանիշներին համապատասխան այլ հատուկ վտանգավոր վարակների ժամանակ դիահերձումները կազմակերպելու համար նախատեսված դիահերձարանը:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Կոտայքի մարզային բաժնի դիահերձարանի շենքն այժմ հագեցված է ժամանակակից սարքավորումներով։ Այն բաղկացած է երկու առանձին դիասրահներից` համապատասխանաբար երեք և մեկ սեկցիոն սեղաններով, որոնցից մեկը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակներից, այդ թվում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների` դատաբժշկական փորձաքնության նպատակով դիահերձման համար։
Դիասրահներն ունեն առանձնացված մուտքեր, իրար հետ կապ չունեցող օդափոխման համակարգեր, ինֆեկցիոն սրահը հագեցած է բարձր ուղղորդված ճնշման տակ գործող օդամղիչ և օդահեռացման համակարգով, հատուկ ինֆեկցիոն դիասեղանով և HEPA ֆիլտրներով։
Դիահերձարանի շենքը դիակների ընդունման համար ունի երկու առանձին մուտք, էլեկտրական ամբարձիչներով երկու առանձին բազմախցիկային սառնարանային համակարգ` վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից մահացած անձանց դիակների պահման նպատակով, ինչպես նաև առանձին մուտք քաղաքացիների և անձնակազմի համար։
Բժշկական անձնակազմի աշխատասենյակները մեկուսացված են դիահերձարանից։ Դիակների ճանաչումը կազմակերպվում է հատուկ համակարգի միջոցով՝ տեսախցիկների և հեռավար կապի օգնությամբ։