Հայկ Մարությանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը. «Մեդիա պաշտպան»
2020թ-ի օգոստոսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 307 հոդված, որոնցից 101-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 201-ը՝ չեզոք։
Հայկ Մարությանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը։
Մամուլում նշվում է, որ ֆինանսատնտեսական վատ վիճակում գտնվող քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում:
Եկմալյանի բնակիչները տևական ժամանակ է բողոքի ակցիաներ են իրականացնում: Նրանք կոչով են դիմել քաղաքապետին. «Լսի՛ր Հայկ Մարության, հարգանք ունեցիր մեր նկատմամբ, դու անգամ ծանոթ չես մեր խնդրին»:
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանն, անդրադառնալով Հայկ Մարությանի գործունեությանն, ասել է․ «Կա կոլեկտիվ և անհատական պատասխանատվության գաղափար։ Այս իշխանության օրոք է տեղի ունեցել և շարունակվում է ողբերգությունը։ Մի օր Հայկ Մարությանը իր մասով պետք է պատասխան տա, թե համաճարակի օրերին ինչո՞ւ էր փախել և թաքնվել, ինչո՞ւ Երևանը աշխարհի այն եզակի քաղաքներից էր, որը չէր ախտահանվում, ինչո՞ւ երևանցին մնաց առանց քաղաքային իշխանության»:
Հայկ Մարությանը շարունակում է քննադատվել իր նախընտրական խոստումները ուշացնելու համար: Մասնավորապես, Հայկ Մարությանը հայտարարել էր մետրոյի նոր կայարան բացելու մասին։ Լրատվականներում հարց է հնչեցվում`իսկ ի՞նչ եղավ այդ պրոյեկտը, արդյոք այդ խոստումը կյանքի կոչվո՞ղ է, թե ի վերջո դա ուղղակի նախընտրական խոստում էր։
Ըստ մամուլի՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ամենաանհասանելի պաշտոնյան է, իսկ նրա խոսնակը՝ նախկին լրագրող Հակոբ Կարապետյանը, վաղուց վերածվել է «ինքնապատասխանիչի», որն անընդհատ մի ձայնագրված ֆրազ է արտասանում․ «Գրավոր հարցում ուղարկեք, կպատասխանենք»։ Իսկ հարցը պրիմիտիվ է՝ ո՞ր կազմակերպությունն է Սարյան պուրակում բարեկարգման աշխատանքներ կատարում։ Պատասխանն էլ, օրենքով, սեւով սպիտակի վրա ու մեծ տառերով պետք է գրված լիներ Սարյան պուրակում, բոլորի համար հասանելի հատվածում։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցը Մաշտոցի պուրակում կտրված ծառերը չեն, որ մի հատ էլ քննարկվի դրանք առողջ էին, թե չէ։ Հարցը հարձակումն է խորհրդանիշի վրա։ Էսօրվա կառավարիչներից շատերը՝ այդ թվում Հայկ Մարությանը որպես քաղաքացի մեծապես ձևավորվել են Պուրակի համար պայքարում։ Ու նույնիսկ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ դրա դեմ դուրս գալ չի կարելի։ Բայց դե արդեն զարմանալի չի, որ այս կառավարող ուժը Սերժ Սարգսյանի անավարտ գործերն ավարտին հասցնելու մեծ հակում ունի։ Սրա հետևանքը դուք հիմա չեք տեսնի։ Սրա ձայնը հետո դուրս կգա ու շատ բարձր։ Որովհետև չի կարելի էդպես տրորել քեզ պաշտոնի բերած պրոցեսների հիմքերը»։
Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ
Հայկ Մարությանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը________________________________2020թ-ի…
Gepostet von Media Advocate/ Մեդիա Պաշտպան am Sonntag, 16. August 2020