Ալավերդցիները փակել էին M6 միջպետական ճանապարհը
Ալավերդու Էնգելս թաղամասի հատվածում քաղաքացիները փակել էին M6 միջպետական ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, հանդիպել և ծանոթացել է քաղաքացիների պահանջներին:
«Քաղաքացիները ցանկանում էին ժամկետ իմանալ հիմնանորոգման փուլում գտնվող M6 միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածի ասֆալտապատման վերաբերյալ։ Մյուս պահանջը ջրցան մեքենաների կանոնավոր աշխատանքն էր, քանի որ բարձրացող փոշին անհարմարություն է պատճառում բնակիչներին։ Նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսելուց հետո Էնգելս թաղամասում հանդիպեցի քաղաքացիներին։ Ասֆալտապատման մասով նշել եմ հստակ ժամկետ, ջրցան մեքենաների ինտենսիվ աշխատանքի մասով կտրվի համապատասխան հանձնարարական»,- գրել է Մկրտչյանը:
Պատգամավորը նշել է, որ այժմ միջպետական ճանապարհը բաց է։ «Սիրելի ընկերներ, ժողովուրդ ջան, նախարարի հետ միասին կանենք հնարավորը խնդիրը սեղմ ժամկետում հիմնովին լուծելու համար»,- նշել է պատգամավորը:
M6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհն սկսվում է Վանաձոր քաղաքից, անցնում է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի 33 համայնքներով ու հասնում Բագրատաշենի սահմանակետ: 90 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական ճանապարհի վերակառուցման աշխատանքների առաջին փուլը ավարտվել է 2018թ․ դեկտեմբերի 24-ին։ Այն ընդգրկել է Վանաձոր-Թումանյան (38,45կմ) հատվածը: Այժմ հիմնանորոգվում է Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածը՝ Ասիական զարգացման բանկի (44.04 մլն եվրո) և ՀՀ կառավարության (10․14 մլն եվրո) համաֆինանսավորմամբ: M6 ճանապարհը հիմնանորոգվում է ասֆալտբետոնե ծածկով։ Հիմնանորոգումը նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված կարճատև դադարից հետո ամբողջ ծավալով ընթացքի մեջ է։ Իրականացվում են կոյուղագծերի և ջրագծերի տեղադրում‚ մայթերի և ջրահեռացման վաքերի կառուցման‚ հողային‚ ասֆալտապատման նախապատրաստական‚ հենապատի կառուցման‚ ժայռապայթեցման, ճանապարհի լայնացման, և բազմաթիվ այլ աշխատանքներ։ Որոշ հատվածներում կատարվում է ասֆալտապատում: