Նիկոլ Փաշինյանի խոսնակը չմեկնաբանեց վարչապետի խորհրդականի ազատման պատճառները

168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը փոխանցել էր ինքը՝ Ա. Գասպարյանը, ֆեյսբուքյան գրառմամբ, այնուհետև ֆեյսբուքից հեռացրել է իր օգտահաշիվը:

Իր գրառման մեջ արդեն նախկին խորհրդականը մասնավորապես նշել էր. «Ընկերներ, տեղեկացնում եմ, որ այլևս չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականը:  Այնտեղ, որտեղ ես կարող էի օգտակար լինել, այժմ ամբողջությամբ կորցրել է իր ակտուալությունը: Եվ փառք Աստծո. նշանակում է ամեն բան ընթանում է, ինչպես պետք է: Ես երբեք չեմ ձգտել քաղաքական կարիերայի:  Ոչ մի հակասություն և երկիմաստություն չկա և չի էլ կարող լինել. Ինչպես որ հավատում էի Փաշինյանին ճանապարհի սկզբում, այնպես էլ հավատում եմ այժմ: Նա մարդ է, որն անկեղծորեն ջանում է և աշխատում է Հայաստանը ավերակներից վերականգնելու համար: Փաշինյանին և նրա թիմին մաղթում եմ հաջողություններ»:

Նշենք՝ Արտակ Գասպարյանը վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական էր նշանակվել 2019 թ. փետրվարի 26-ին:

Թե ինչո՞ւ է խորհրդականն ազատվել աշխատանքից, այսօր փորձեցինք ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից։ Ի պատասխան, սակայն, նա ասաց. «Ես որևէ բան չեմ կարող ավելացնել իր գրառմանը: Փորձեք իր հետ կապ հաստատել»:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Արտակ Գասպարյանը (Արտաչոկ) Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, նախկին ՈՒՀԱ-ի (Ուրախների և հնարամիտների ակումբ) «Նոր հայեր» խմբի անդամ, որը բիզնեսով էր զբաղվում Ռուսաստանում: Ըստ որոշ հրապարակումների՝ նա հաճախ ներկա էր լինում քաղաքապետարանում հրավիրվող խորհրդակցություններին, քննարկումներին, և որևէ մեկը չէր հասկանում, թե ինչ կարգավիճակ ուներ նա և ինչու էր շարունակ Մարությանի կողքին։

Նշենք նաև, որ որոշ հրապարակումների համաձայն էլ՝ իշխանափոխությունից հետո տելեգրամ սոցիալական ցանցում հայտնի դարձած Баграмян 26 հարթակը պատկանում է հենց Փաշինյանի արդեն նախկին խորհրդական Արտակ Գասպարյանին:

Տեսանյութեր

Լրահոս