Բաժիններ՝

Վարդենիս քաղաքի զբոսայգու տարածքում կառուցվում է ներառական խաղահրապարակ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու տարածքում արդեն մի քանի օր է, ինչ ընթանում են ներառական խաղահրապարակի կառուցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, ծրագիրն իրականացվում է Վարդենիսի համայնքապետարանի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, «Համահայկական հիմնադրամի» եւ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի» համագործակցությամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 10 միլիոն դրամ, որտեղ Վարդենիսի համայնքապետարանի ներդրումը կազմում է շուրջ 1 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի օր առաջ եւ ավարտին կհասցվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

«Այս ծրագիրն ամբողջացնում է Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու վերակառուցման ու բարեկարգման գործընթացը, որը սկսվել էր նախորդ տարի, սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Վարդենիսի ներառական խաղահրապարակն իր բովանդակությամբ երկրորդն է Հայաստանում՝ Սիսիանից հետո: Հատուկ խնդիրներ ունեցող երեխաների զբաղմունքի եւ ժամանցի համար ստեղծվում են բոլոր հարմարավետ պայմանները: Միաժամանակ մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու զբոսայգին ավելի բարետես, ավելի ժամանակակից դարձնելու խնդիրը»,- ասաց Վարդենիս համայնքի ղեկավարը: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով օգոստոսի 12-ին Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս