«Էլի մարդիկ կային, որ ասում էին…». Փաշինյանի արձագանքը սևանցու լավ «մարդիկ չեն վարակվում» արտահայտությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սևան քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացման արարողությանը մասնակցելուց հետո ծանոթացավ նաև քաղաքում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին:
Վարչապետի խոսքով՝ ճանարհաշինարարության խոստումից մինչև մեկնարկը 2 տարի է տևել. «Գեղարքունիքի մարզպետի և Սևանի քաղաքապետի հետ դա էինք քննարկում, որ մեր պետական կառավարման համակարգում արագության խնդիրը պրոբլեմ է, բայց այս կարգի նախագիծն ամենաարագ պարագայում 1 տարին տրամաբանական է: Այս ընթացքում ես 1-2 անգամ նախարարին և մարզպետին հարցրել եմ, թե ի՞նչ ընթացքի մեջ է, բան ենք խոստացել, ասել են՝ ընթացքի մեջ է, ընթացքի մեջ է, իհարկե, ես էլ եմ մի քիչ նեղվել, որ 1.5 տարի դեռ ընթացքի մեջ է, բայց որ այսօր սկսվել է, արդեն շատ լավ ցուցանիշ է»:
Վարչապետին մոտեցավ տեղի բնակիչներից մեկը, վերջինը ձեռքով բարևեց Նիկոլ Փաշինյանին: Վարչապետն էլ արձանագրեց, որ խախտեցին հակահամաճարակային կանոնները, ինչին բնակիչը պատասխանեց.
«Ոչինչ, ես առողջ եմ, Ֆրանսիայում բուժվել, եկել եմ»: Սրան ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Ինչի՞ց է կանխավարկածը, որ ես հակահամաճարակային կանոն ասում եմ, միշտ մտածում են՝ դուք ինձ կվարակեք, բա որ հակառակը լինի՞»:
Խալտուր անունով ներկայացած գյուղացին պատասխանեց, որ չի լինի, լավ մարդիկ ենք՝ չենք վարակվի, ինչին Վարչապետը պատասխանեց. «Տենց էլի մարդիկ կային, որ ասացին…»:
Իսկ Խալտուրը, որի անունը դրել են՝ ի պատիվ հոր ընկերոջ՝ Ստեփան Խալտուրինի, կարծես չլսեց վարչապետի արձագանքը, շարունակեց իր խնդրի մասին խոսել, թե բացի այս ճանապարհից, որի հիմնանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են, ևս մեկ ստրատեգիական նշանակության ճանապարհ կա.
«Եթե ծովը 1 մետր բարձրացավ, մենք այնտեղով պետք է գնանք-գանք»:
Վարչապետն էլ հակադարձեց՝ «Տո թող ծովը 1 մետր բարձրանա, մեր պրոբլեմն այդ ճանապարհը լինի»: