«Իշխանություն պետք է ունենանք, որ արձագանքեն, ես իշխանություն չեմ տեսնում». բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյան

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանն արդեն 3-րդ օրն է՝ ինչ շարունակում է հացադուլը:

Նա պահանջում է, որպեսզի ազգով մտահոգված բոլոր քաղաքական ուժերը համախմբվեն, քանի որ այսօրվա իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեքները: Բռնցքամարտիկը մասնավորապես դեմ է Ստամբուլյան կոնվենցիային, Լանզարոտեի կոնվենցիային, հանրակրթական չափորոշիչներին, անօրինական բռնություններին և այլն:

«Իմ նպատակն է, որ ազգով մտահոգված քաղաքական գործիչները համախմբվեն, մի հատ ճիշտ որոշում կայացնեն: Ամենավերջում, եթե Նիկոլ Փաշինյանը համաձայն լինի սրանց հետ (ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային, ո՛չ Լանզարոտեի կոնվենցիային, ո՛չ հանրակրթական չափորոշիչներին, ո՛չ անօրինական բռնություններին), թող ինքը նորից մնա, բայց ինքը չի կարողանալու համաձայն լինել սրա հետ, որովհետև իրեն փող են տվել և բերել են, որ սրանք իրագործի»:

Հարցին, թե իշխանության ներկայացուցիչների կողմից արձագանք եղե՞լ է, բռնցքամարտիկը պատասխանեց.

«Իշխանություն պետք է ունենանք, որ արձագանքեն, ես իշխանություն չեմ տեսնում, նրանք ինչի՞ն պետք է արձագանքեն: Ինձ համար՝ իմ ազգի, ժողովրդի արձագանքն է: Թուրքը ո՞նց կարող է իմ առողջությունով հետաքրքրվի, ինքը կուրախանա, որ իմ առողջությունը քայքայվի, բայց չեն հասկանում, որ ավելի ուժեղանում եմ: Գրազ գամ՝ հիմա մեր Հայաստանի ամենաուժեղ բռնցքամարտիկի հետ մարտ կանեմ»:

Հարցին, թե այլ տարբերակ չկա՞ խնդիրը բարձրաձայնելու համար, Հակոբկոխյանը պատասխանեց.

«Մյուս տարբերակը կռիվ անելն է, բայց ես իմ հայրենիքում չեմ ուզում ոչ մեկի հետ կռիվ անել, ես այստեղ թշնամի չունեմ: Եթե քեզ ստել են, դու գնում-ասում ես, որ քեզ խաբել են, էլի աչքերիդ մեջ նայում, ասում է՝ չեմ խաբել, ի՞նչ պետք է անես, կռիվ չէ՞, որ իրեն ապացուցես՝ այ դու լխպոր, հիմարի լակոտ, բայց հիմա իմ երկրում ո՞նց կռիվ սարքեմ»:

Սպորտի բնագավառում  մեծ հաջողությունների  հասած  անվանի մարզիկ Իսրայել Հակոբկոխյանին հարցրեցինք նաև՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ մի քանի ոլորտ, այդ թվում՝ սպորտի, միավորել և մեկ նախարարություն են դարձրել:

«Մենք սպորտի նախարարություն չունենք, այսօրվա իշխանավորներն էլ, վաղվա գալացողներն էլ պետք է հասկանան, որ երկրի հիմնը ու դրոշը բարձրացվում է մեր գերագույն հրամանատարի համար, մեկ էլ մարզիկի համար: Հիմա մենք սպորտի նախարարություն չունենք, բերել 10 հատ նախարարություն միացրել են իրար, չես իմանում՝ վունդերքի՞նդ են, ի՞նչ են, ամեն ինչից գլուխ են հանելո՞ւ, ոչ մի բանից էլ գլուխ չեն հանում: Իրենք այնտեղ ինձ չեն ճանաչում, ես իրենց որտեղի՞ց ճանաչեմ»:

Քանի որ բռնցքամարտիկին բժիշկներ էին այցելել, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են արձանագրել.

«Արձանագրեցին, որ հիանալի մարզավիճակում եմ, կարող է այսպես շարունակվի՝ ավելի հզորանամ ու 60 տարեկանում նորից մտնեմ ռինգ: Քանի դեռ ուղեղս աշխատում է, անգիտակից վիճակում չեմ, լինելու եմ այստեղ, կամ էլ, եթե գան ասեն, որ այսինչ տեղում մարդիկ հավաքվել են ու ազգի ճակատագրի մասին որոշում են կայացնում, միանգամից այստեղից կգնամ տուն»։

Տեսանյութեր

Լրահոս