
«Ryanair»-ը խոստացել է ավիատոմսերի փոխհատուցման համար ուղղված դիմում-բողոքներին պատասխանել մոտակա ամիսների ընթացքում

Քաղաքացիներն ահազանգում են՝ Ryanair ավիաընկերությունն ամիսներ շարունակ չի փոխանցում մինչև համավարակը ձեռք բերած տոմսերի գումարները: Համավարակի պատճառով նրանց թռիչքները չեն իրականացել, իսկ տոմսերի գումարներն այդպես էլ չեն վերադարձվել. նրանք ակնկալում են պետության միջամտությունը:
168.am-ը գրավոր հարցում ուղարկեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին՝ տեղեկանալու անելիքների մասին:
Կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են. «ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ս.թ. հունիսի 2-ին կապ է հաստատել «ՌայանԷյր» ավիաընկերության հետ՝ խնդրելով ուսումնասիրել կոմիտե ստացած բոլոր բողոքները՝ կապված տոմսերի փոխհատուցման հետ:
Համաձայն ավիաընկերության կողմից ստացված պատասխանի՝ հաշվի առնելով համավարակային իրավիճակը և դիմում-բողոքների քանակը՝ ավիաընկերությունը քաղաքացիներին կպատասխանի մոտակա ամիսների ընթացքում:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ավիաընկերությունը խնդրում է նոր բողոք-դիմումներն ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]:
Հարկ ենք համարում նշել, որ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու նպատակով կոմիտեն կապ է հաստատել մի շարք ավիաընկերությունների հետ («Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Լոտ Փոլիշ Էյրլայնզ», «Էգեյան Ավիաուղիներ», «Քաթար Էյրվեյզ»)՝ ավիատոմսերի փոխհատուցման համար»: